Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ շաբաթ օրը Գյումրիում կայացած մանկական համերգը հայտարարված ժամից շուտ մեկնարկեց


Ինչո՞ւ շաբաթ օրը Գյումրիում կայացած մանկական համերգը հայտարարվածից մեկ ժամ շուտ մեկնարկեց, ինչի հետևանքով Տավուշի թեմի «Տա Լույս» երգչախումբն այդպես էլ բեմ դուրս չեկավ։

Ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի հիմնած խմբից կատարվածի համար Կրթության նախարարությանն են մեղադրում, գերատեսչությունից, մինչդեռ պնդում են՝ ամեն ինչ արել են, որ երեխաները ելույթ ունենան: Ընդ որում՝ համերգը շուտ սկսելու պատճառների շարքում առաջին հերթին կիզիչ արևն են նշում։

Գյումրիում, ըստ եղանակային կայքերի, այդ օրն առավելագույնը 22 աստիճան է եղել։

«Տավուշի թեմի երգչախումբը, հանդիպում ենք հունիսի 1-ին՝ ժամը 14-ին». այս գովազդից հետո համերգի ժամի փոփոխության մասին, սակայն, չէր հայտարարվել։ Ժամը 14-ին միջոցառումն արդեն ավարտվել էր:

Տավուշի թեմի «Տա Լույս» երգչախմբի փոքրիկները հանրությանը հայտնի դարձան, երբ «Ստարմուս» փառատոնի շրջանակներում բեմ բարձրացան աշխարհահռչակ «Քուին»-ի կիթառահար Բրայան Մեյի հետ։

Երգչախմբի ղեկավար Մարիա Գալստյանը համերգի օրը պնդեց՝ կրթության փոխնախարար Դանիել Դանիելյանը զանգել ու հրահանգել է՝ «15 րոպեից պետք է պատրաստ լինեք». պաշտոնյան հակադարձում է՝ բանակցությունները շուտ են սկսվել՝ հասցնել կարող էին:

Հնարավոր չէ՞ր համերգը սկսել նախապես հայտարարված ժամին, ո՞րն էր խնդիրը, վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի սպասվող ա՞յցն էր պատճառը, սկանդալի կիզակետում հայտնված փոխնախարար Դանիել Դանիելյանն ասում է՝ արևն էր շատ ուժգին:

Արքեպիսկոպոսը հրապարակ հասավ համերգի ավարտից հետո, բեմահարթակը մեծամասամբ հավաքված էր. երեխաները հետո երգեցին, բայց արդեն աստիճանների վրա:

Իշխանությունների հեռացումը պահանջող Բագրատ սրբազանն էլ նախորդ օրերին խոսեց տեղի ունեցածի մասին ու հայտարարեց՝ փոխնախարարը պետք է ներողություն խնդրի:

Դանիել Դանիելյանն անցած տարի է ԿԳՄՍ փոխնախարար նշանակվել, ինքն էլ մասնագիտությամբ խմբավար է, կոնսերվատորիան է ավարտել։ Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել մշակութային միջոցառումը քաղաքականացնելու համար։ Համերգը հյուրընկալած Գյումրիի քաղաքային իշխանություններն էլ պնդում են՝ իրենք կազմակերպչական հարցերին չեն խառնվել, իրենցից միայն երաժշտական գործիք են խնդրել, ապահովել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG