Մատչելիության հղումներ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի համոզմամբ՝ Բագրատ սրբազանի շարժումը մարում է


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ Բագրատ սրբազանի շարժումը մարում է: «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է այդպես կարծում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ դա ասում է իր քաղաքական փորձառությունից ելնելով և այն ընթացքից, որ ինքը տեսնում է:

Արայիկ Հարությունյան, արխիվ
Արայիկ Հարությունյան, արխիվ

«Շատ հաճախ առաջնորդները իրենք իրենց փակուղի են մտցնում», - նշեց նա:

Հարցին էլ, թե հնարավո՞ր է, որ իշխանությունը երկխոսության գնա Բագրատ սրբազանի հետ, Արայիկ Հարությունյանն արձագանքեց՝ «երբ դու գալիս ես որևէ մարմնի կամ գերատեսչության առաջ և հաթաթաներ ես տալիս համապատասխան մարմինների ղեկավարներին, դժվար թե դրական որևէ արձագանք ստանաս: Եթե կա անհրաժեշտություն հանդիպումների, էդ մարմինների ներկայացուցիչներն ասել են, թե դա ինչպես կարող է իրականացվել»:

Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան

Այսօր խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ չշրջանցվեց նաև եկեղեցի-իշխանություն լարված հարաբերությունները: Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց հնչեցրեց, թե ինչպես է ստացվում, որ իրավապահների կողմից արգելվում է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատ:

Արայիկ Հարությունյանը բացատրեց՝ քանի որ Հայ առաքելական եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, հետևաբար իշխանությունն էլ այդ կառույցին վերաբերում է ինչպես կվերաբերվի, օրինակ, քաղաքական խմբակի կամ կուսակցության:

«Հայ առաքելական եկեղեցին, երբ ստանձնում է քաղաքական գործընթացների ղեկավարում, իշխանությունը համապատասխան քաղաքական գործիքներով է հարաբերվում տվյալ կառույցի հետ և հետևաբար վերաբերմունք է արտահայտում ինչպես ցանկացած քաղաքական խմբակի կամ կուսակցության նկատմամբ, որը մասնակցում է այս կամ այն քաղաքական գործընթացի: Երբ Հայ առաքելական եկեղեցու գլխին կանգնած կաթողիկոսը ստանձնում է քաղաքական շարժման առաջնորդությունը, շարժման ներկայացուցիչները դրսևորում են հասարակական կարգը խախտելու, ոստիկանության և տարբեր ինստիտուտների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, հետևաբար մայիսի 28 -ին, անվտանգության մարմինները պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեին, պարզելու՝ արդյոք տվյալ տարածք վեղարով եկած խումբը չի պատրաստվում սադրել տվյալ միջոցառումը», - պատասխանեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Դատախազությանը գրություն է ուղարկվել՝ պարզելու կադաստրային քարտեզներում հնարավոր անճշտությունները. Հարությունյան

Գլխավոր դատախազությանը գրություն է ուղարկվել՝ պարզելու կադաստրային քարտեզներում հնարավոր անճշտությունները։ Այսօր բյուջեի քննարկմանը պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե կադաստրային քարտեզներում ի՞նչ անճշտությունների մասին է խոսել Արդարադատության նախարարությունը, ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Ինչ վերաբերում է քարտեզներին, եթե չեմ սխալվում համապատասխան գրությունով դատախազությանը ուղարկվել է {գրություն}, որպեսզի պարզեն եղելությունը այդ քարտեզների հետ կապված», - տեղեկացրեց Արայիկ Հարությունյանը։

Տավուշում հատվածական սահմանազատումից հետո, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մինչև հուլիսի 1 -ը պետք է համաձայնեցնեն իրենց գործունեության կանոնակարգի նախագիծը, որը հետո պետք է վավերացվի պետական մարմինների կողմից։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն այժմ աշխատում է այդ ուղղությամբ։

Իսկ թե ո՞ր թվականի քարտեզներով Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն սահմանազատման գործընթացը, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ հարցն այժմ քննարկվում է։

XS
SM
MD
LG