Ոստիկանությունը երեկ Սարդարապատում փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափատ հայրապետը «եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակադրմամբ», լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է արձանագրենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը, նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել», - պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր երեկ խոչընդոտվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և այլ հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք, նշեց վարչապետը։
Նա հավելեց, որ Վեհափառը հրավեր չի ունեցել, իրենք էլ տեղեկություն չեն ունեցել, որ նա դա ակնկալում է։
«Երեկ երբ Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջացառման վայր, ոստիկանությունը փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափատ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակադրմամբ, և երբ ստացել են հավաստիացումներ, որ այն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե «քանի որ Բագրատ սրբազանի շարժմանը չէր մասնակցում կաթողիկոսը, այդ պատճառով թույլատրվե՞ց նրա մուտքը», Փաշինյանը արձագանքեց. - «Խնդիրը որևէ շարժման մասնակցել-չմասնակցելու մեջ չէ, ՀՀ ցանկացած քաղաքացի ունի իրավունք և ազատություն՝ մասնակցելու կամ չմասնակցելու որևէ շարժման, խոսքը սրա մասին է՝ նպատակը պետական արարողակարգային միջոցառմանը խոչընդոտելն է, թե չէ»։
Նա հավաստիացրեց՝ ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա. - «Եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա պետք է տեսնեք ուրիշ տեղ, և այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության հետ»։
- Իրավապահները երեկ փորձել էին արգելել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
- Մայր Աթոռն ավելի ուշ սա դատապարտելի պահվածք որակեց՝ հայտարարելով, որ «հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության»։
- Եկեղեցու և իշխանության հարաբերությունները լարված են հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Սակայն, դրանք ավելի սրվեցին վերջին շաբաթներին, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վարչապետի հրաժարականի պահանջ դրեց։