Մատչելիության հղումներ

Անցումային կառավարությունը պետք է լինի վերկուսակցական. Բագրատ սրբազան


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքի ժամանակ, արխիվ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքի ժամանակ, արխիվ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պատկերացմամբ՝ Փաշինյանի կառավարությանը փոխարինող անցումային կառավարությունը վերկուսակցական պետք է լինի։

«Պրոֆեսիոնալների, ունակների կառավարություն պետք է լինի», - ասել է Բագրատ սրբազանը։

Նա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ խոսել է իրենց սկզբունքներից՝ ինչ է առաջարկում Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող շարժումը։

«Երբ մենք բոլոր ոլորտների հետ հանդիպել և հանդիպում ենք, խնդրում ենք, որ երեքական թեկնածուներ լինեն, մարդիկ, ովքեր և՛ հարգանք ունեն տվյալ ոլորտում, և՛ ներդրում ունեն, և՛ վստահելիություն, մարդիկ, որոնք զարգացման տեսիլք ու հնարավորություն ունեն, այլ մեթոդ չունենք», - նշեց Տավուշի թեմի առաջնորդը։

Շարժման աջակիցների պատկերացմամբ` հանրային ճնշմամբ պետք է հասնեն Փաշինյանի հրաժարականին, անցումային կառավարություն ձևավորեն ու մեկ տարի անց նոր ընտրություններ անցկացնեն։ Վարչապետի թեկնածուի մասին սպասվող հանրահավաքում կհայտարարեն։


Վերջին երկու շաբաթվա ընթացքում Բագրատ սրբազանը հանդիպել է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին։ Մասնակիցները հաստատում են՝ երկու հարցում համախոհ են` Փաշինյանի հրաժարականի ու արքեպիսկոպոսի վարչապետության։

Իսկ ի՞նչ են քննարկել կառավարության ձևավորման սկզբունքների հարցով, ի՞նչ է նշանակում վերկուսակցական կառավարություն՝ շարժմանն աջակցող կուսակցությունների անդամները կառավարության գլխավոր պաշտոններում չե՞ն լինելու։ Հանդիպմանը մասնակցած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն ասաց՝ մանրամասն չեն քննարկել, իր կարծիքով՝ ընդհանուր սկզբունքը սա է. - «Կուսակցությունները, որոնք մաս կկազմեն հաջողության դեպքում անցումային կառավարությանը, իրենք, ըստ էության, կարող են տեխնոկրատ կադրեր առաջադրել՝ ձեռնպահ մնալով այնպիսի անունների ներկայացումից, որոնք առաջիկա ընտրական ցիկլում շատ ակտիվ և գործուն դերակատարություն կունենան»։

Ըստ Սուրենյանցի՝ անցումային կառավարության օրակարգի շուրջ համախոհությունը դեռ չի նշանակում, որ ընտրություններին այս ուժերը մեկ դաշինքով են մասնակցելու, այդ պատճառով կուսակցությունների հետ նույնացվող դեմքերը ժամանակավոր կառավարությունում չպետք է լինեն։ Հանրապետականի առաջնորդ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, օրինակ, օրերս ասել էր, թե վերադառնալու ցանկություն չունի։

«Այստեղ հիմնական մեսիջն այն է, որ գործադիր իշխանության ընձեռած լիազորությունները և մանդատը չպետք է չարաշահվի առաջիկա ընտրություններում էլեկտորալ ռեսուրս ունենալու համար», - նկատեց նա։

Հանրահավաքին ընդառաջ Մայր աթոռում եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով է եղել, անդրադարձել են նաև եկեղեցու հասցեին բարձրագույն իշխանության մեղադրանքներին։ Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, դատապարտել Փաշինյանի մեղադրանքները։


Եթե նույնիսկ մայիսի 26-ին որպես վարչապետի թեկնածու հնչի Բագրատ սրբազանի անունը, նա Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել՝ երկքաղաքացի է։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ նրա թեկնածությունը օրենքով չի կարող հաստատվել։ Ընդդիմության սցենարով դրան հնարավոր է հասնել հանրային ճնշմամբ։ Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։

XS
SM
MD
LG