Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է Լևոն Քոչարյանը հայտնվել իրեն չվերաբերող իշխանազավթման մեղադրանքով գործի տեսանյութում


Բագրատ արքեպիսկոպոսի ծրագրած հանրահավաքին ընդառաջ Քննչական կոմիտեն հայտարարեց, թե իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել:

Հարուցված քրեական գործով իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկ Ղևոնդյանի որդուն, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութում մի տղամարդ դժգոհում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից և կարծիք հայտնում, թե որն է իր պատկերացրած ելքը ստեղծված իրավիճակից. - «Ստե մի հատ ելք կա՝ մտնենք Կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք Ոստիկանության շենքը՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 հոգի մարդ մեռնի, բայց ընգեր երկիր պահես»:

Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղևոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթել իշխանությունը: Թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց ըստ նախաքննական մարմնի՝ դիտարկվել է նաև առաջիկա հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը:

Հրաչյա Ղևոնդյանի փաստաբանը ընդգծում է՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որևէ մտադրություն չի ունեցել:

«Մարդիկ են հավաքագրվում, հանցագործության գործիքներ են ձեռք բերում, պայմանավորվածություններ են ձեռք բերում: Դրանք, գիտե՞ք ինչպես է, հասարակական տրամադրություններ են, եթե մենք էդպես գնանք, վստահեցնում եմ՝ հասարակության կեսից ավելիին պետք է մենք ձերբակալենք, կալանավորենք, որովհետև դրանք, ինչքան էլ որ ռադիկալ են թվում, բայց դրանք հասարակական տրամադրություններ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Իշխանության յուրացման մասին Քննչական կոմիտեի պատրաստած մոտ երեք րոպեանոց տեսանյութում ներառված են այնպիսի կադրեր, որոնցում բացի Հրաչյա Ղևոնդյանից երևում է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը, ընդ որում՝ գրեթե բոլոր կադրերն են այդպիսին: Նախաքննական մարմնից պարզաբանեցին՝ երկրորդ նախագահի որդուն այս գործը չի առնչվում: Այդ դեպքում ինչո՞ւ են նրա մասնակցությամբ կադրեր ներառել տեսանյութում:

«Մենք ընդհանրապես համացանցից վերցված կադրերի հիման վրա ենք արել, թե ով է էնտեղ կողքից երևում, ով չի երևում, դա գործի հետ առնչություն էս պահի դրությամբ, ըստ էության, չունի, բայց կադրերից մենք չէինք կարող հանել էդ իր կողքին գտնվող անձանց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հարցին՝ «իսկ պարտադի՞ր էր, որ վիդեո լիներ», խոսնակն արձագանքեց. - «Դե, որպեսզի ինֆորմացիան ավելի հասու դարձնենք, այո»:

«Իսկ չե՞ք կարծում, որ այդպես նաև թիրախավորում եք Ազգային ժողովի պատգամավորին», - այս հարցին էլ Աբրահամյանը պատասխանեց. - «Քննչական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական տեղեկատվությամբ և հարկ է համարել ներկայացնելու էն, ինչ որ ներկայացրել է, ես ավելին ասելու էս պահի դրությամբ որևէ բան չունեմ: Թիրախավորման խնդիր էլ չենք դնում ընդհանրապես»:

Ինքը պատգամավորը համոզված է՝ գործը շինծու է և այն չէր լինի, եթե ինքն ու Հրաչյա Ղևոնդյանը տեսանյութերում միասին չլինեին: Պնդում է՝ փորձում են հեղինակազրկել շարժումը և մարդկանց շրջանում վախ սերմանել սպասվող հանրահավաքին ընդառաջ:

«Իրենց էս տարածած տեսանյութով փորձում են, էսպես, քողարկված կամ միգուցե նաև բացահայտ իմ հետ փորձել ինչ-որ էս ամեն ինչը կապել: Ուղղակի հիմարություն ա, էլի, իրանց հերթական էժանագին շոուն ա՝ մարդկանց մոլորեցնելու, հիմարեցնելու, որ մարդ, այսինքն, եթե ուզում ա գնալ հանրահավաքի, փորձել էդ մարդու մեջ այ սենց կեղծ, սուտ բաներով նաև այդ անել, որ էն մարդիկ, համոզված եմ՝ շատերը կողմ չեն նման մոտեցումների, տեսնեն, որ այ սենց բաներ կան, չգնան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանը:

Լևոն Քոչարյանը կրկին վստահեցրեց, թե շարժման հաջողության դեպքում ոչ ինքը, ոչ էլ հայրը պաշտոն զբաղեցնելու հավակնություն չունեն:

XS
SM
MD
LG