Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած 40-ամյա վարորդին մեղադրանք է ներկայացվել առերևույթ խուլիգանություն կատարելու համար, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ըստ Կոմիտեի՝ նա Արարատի մարզի բնակիչ է, դեպքի պահին եղել է ոչ սթափ վիճակում։
Կոմիտեն նաև որոշ մանրամասներ է փոխանցում՝ նշելով, որ վարորդն իրեն պատկանող և իր կողմից շահագործվող «Կամազ 54112» բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացի- Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված, այնուհետև չի ենթարկվել արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս է եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, շրջանցել ոստիկանության ծառայողներին և չենթարկվելով պարեկային ծառայողների կանգառ հրահանգին՝ վերոնշյալ ավտոմեքենայով մուտք է գործել Հանրապետության Հրապարակ:
Այնուհետև, ինչպես քննչականն է նշում, նա կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով:
40-ամյա վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: