Մատչելիության հղումներ

Ալմաթայի հռչակագրի դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա. Սիմոնյան


Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, 22-ը մայիսի, 2024թ.
Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, 22-ը մայիսի, 2024թ.

Ալմաթայի հռչակագրի դրույթը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա, Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Մենք այս պահին ունենք մի քանի հայտարարություն Ադրբեջանի կողմից նաև ամենաբարձր՝ նախագահի մակարդակով՝ Ալմաթայի հռչակագրի նշումով և ունենք նկարագրություն այն ամենի, ինչի մասին մենք խոսում ենք, և պայմանագրի շրջանակում այդ խոսակցությունը շարունակվում է: Պետք է ասեմ, որ թերևս դա քննարկվող թեմաներից մեկն է այս փուլում, բայց մենք դեռ չունենք համաձայնություն և քննարկումները շարունակվում են», - ասաց Սիմոնյանը:

Ապրիլի 19-ին հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա Աթայի 1991 թվի հռչակագրով։ Ըստ հայտարարության, կա համաձայնություն, որ այդ սկզբունքը ամրագրվի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի Կանոնակարգի նախագծում, սակայն կա մեկ բայց. եթե հետագայում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգը կհամապատասխանեցվի համաձայնագրի սկզբունքներին։

Արդյոք այս ձևակերպումը Ալմա Աթայի հռչակագրից հրաժարվելու հնարավորություն չի տալիս: Վարչապետ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, որ՝ ոչ։ Չնայած դրան սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության վերջին նիստում ընդամենը Ադրբեջանի հակվածությունից էր խոսում։

«Կարծես թե համաձայնություն կա, որ այս գործընթացում որդեգրած արտացոլվելու են կանոնակարգի մեջ և նաև ուզում եմ վերահաստատել, որ ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել և նույն ձևաչափով ու ալգորիթմով, որն այս անգամ մենք կիրառեցինք», - նշել է Գրիգորյանը:

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը հստակությունից է խուսափում

Տիգրան Գրիգորյանը
Տիգրան Գրիգորյանը

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ ընդդիմանալով Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրի տեքստի մեջ ներառելուն, Ադրբեջանը հստակությունից է խուսափում:

«Լղոզված ինչ-որ ձևակերպումներով, հստակությունից խուսափելով, մանևրի համար ավելի շատ տարածություն թողնելը ապագայում, սահմանազատման գործընթացում այնպիսի մարտավարությամբ առաջ շարժվել, որը թույլ կտա ստանալ մաքսիմալ դիվիդենտներ: Այսինքն՝ այն հատվածներում, որտեղ նրանց համար ձեռնտու է, որպեսզի սահմանազատում տեղի ունենա, իրականացվի սահմանազատում, իսկ այն հատվածներում, որտեղ նրանք չեն ցանկանում գնալ զիջումների և զորքերը հետ քաշել Հայաստանի օկուպացված տարածքներից, ինչ-որ պատրվակներ գտնել և արհեստականորեն խոչընդոտել կամ կանգնեցնել գործընթացը», - նշեց Գրիգորյանը:

Երևանը մինչև սահմանազատումը սկսելն էր կարևորում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ երկրների ինքնիշխանության սկզբունքով։ Այս երկու սկզբունքը ցանկանում է ներառել նաև խաղաղության պայմանագրում, բայց Ադրբեջանը, բացի Ալմա Աթայիի հռչակագրի հղումին ընդդիմանալուց, նաև անխոչընդոտ, առանց մաքսային ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի Նախիջևան։

Վերջին մեկ ամսում Երևանին փոխանցվեցին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկները, դրանից հետո արտգործնախարարները հանդիպեցին, բայց Երևանի կարևորած այդ հարցերի շուրջ կոնկրետ համաձայնություններ կայացան, թե՝ ոչ, հարցը բաց էր մնում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասաց՝ ապաշրջափակման հարցով բանակցությունները ևս դեռ շարունակվում են. - «Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը և այդ դիրքորոշումից բխող տրամաբանությամբ բանակցում ենք հարևան պետության ներկայացուցիչների հետ՝ հասկանալով և պատրաստ լինելով այդ քննարկումը շարունակել բոլոր մնացած մակարդակներում, ոչ միայն խաղաղության պայմանագրի շրջանակներում: Շատ կարևորում ենք ընդհանուր բոլոր կոմունիկացիաների բացման գաղափարը, որը նաև արտացոլված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»:

Հայտնի չէ՝ հայկական կողմն արդեն պատասխանե՞լ է խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկներին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG