Ամենայն Հայոց կաթողիկոսն ի՞նչ դերակատարում ունի վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարում։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանն ուղիղ չի պատասխանում, բայց չի էլ թաքցնում՝ հաճախ են հանդիպում ու ամեն ինչ մանրամասն քննարկում:
«Ես երկու օրը մեկ Վեհափառին հանդիպում եմ: Վեհափառին ես տեղեկացնում եմ, խոսում եմ, մանրամասների մասին ենք խոսում, քննարկումներ ենք ունենում, ոչ միայն Վեհափառն ա լինում, ուրիշ հոգևորականներ են լինում: Բնական բան ա սա, աննորմալ բան ա՞, չեմ հասկանում, տարօրինակ ա», - ասաց Բագրատ սրբազանը։
Ի՞նչ ավարտ է կանխատեսում Տավուշի թեմի առաջնորդը, հեռանկար տեսնո՞ւմ է, որ Փաշինյանը կհրաժարվի իշխանությունից. - «Բա ի՞նչ անի, ուրիշ ի՞նչ անի: Հաջողության մոտանկար եմ տեսնում, ոչ թե հեռանկար», - պնդեց Բագրատ արքեպիսկոպոսը:
Իշխանականների տպավորությամբ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարը մարում է։ Իսկ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ այս պայքարի միայն դեմքն է նոր, մնացածը նախկինի շարունակությունն է։ Ինչո՞ւ են Փաշինյանն ու թիմակիցները «ականջներ» տեսնում այս շարժման թիկունքում, «Ազատություն»-ը հարցրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
«Դե իրենք որով ականջներով են էկել, դրա համար են... իրանք պոչով, ականջով, կոտոշով են էկել, դրա համար էլ ականջ են փնտրում, հիմա ես ի՞նչ ասեմ: Իրենց համար հավատալի չի, որ մարդիկ կարող են միայն հայրենիք և պատիվ ունենալու համար փողոց դուրս գալ», - պատասխանեց Բագրատ սրբազանը:
Վարչապետի հրաժարականը պահանջող արքեպիսկոպոսն էլ հարց ունի իրեն քննադատող ՔՊ-ականներին՝ ինչո՞ւ չեն հերքում Փաշինյանի նախընտրական խոստումը տավուշցիներին. - «Հերքել ե՞ն, ասել ե՞ն՝ «չէ, սա դուք եք հնարել, էս մեկը դուք եք հնարել», ասել ե՞ն»:
2021 թվականի հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. - «Մեղրին տալու գաղափարը բանակցային սեղանին հայտնվել է 98 թվականին, և ես չեմ ուզում թաքցնել, ժողովո՛ւրդ ջան, [2020 թվականի] նոյեմբերին, այո, այդ թեման եղել է, այդ թեման էլ է եղել, Ղազախի շրջանի գյուղերի թեման էլ է եղել: Եվ մարդիկ կան այստեղ ներկա, մեր Զինված ուժերի ուժերի Գլխավոր շտաբի պետն ասում էր` ստորագրի, ստորագրի այդ թուղթն այդ վիճակում: Ես ասել եմ` ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի»:
Այսօր էլ Բագրատ սրբազանն արցախցիներին էր ներկայացնում իր շարժման նպատակները. - «Ես շատ ուղիղ և հստակ ասում եմ՝ մեր այս շարժման բուն նպատակը իրական խաղաղություն ունենալն ա»: Պնդեց՝ պաշտոնի ու իշխանության ակնկալիքով չեն սկսել, սա գոյության պայքար է։
Արցախի նախկին պաշտոնյաներն էին եկել՝ կառավարության անդամներ, պատգամավորներ ու համայնքապետեր։
«Որևէ մեկը երբ բաժանում է մեր սիրելի արցախցիներին, ես էլ արցախցի բառը երբ ասում եմ՝ զուտ նշելու համար եմ ասում, որևէ կերպով բաժանում է տանտիրոջ իրավունք ունենալուց, ես հրապարակային էլ եմ ասում, նա ուրացող ա ուղղակի՝ ուրացող ա մեր ինքնության, ուրացող ա մեր գոյության և ուրացող ա այն պայքարի, որ ծավալվել ա ամբողջ հայության կողմից», - հայտարարեց Բագրատ սրբազանը:
Արցախցիների Արցախում ապրելու իրավունքի հարցը երբեք չպետք է փակվի, այս օրակարգը պետք է միջազգային հարթակներ հասցնել, ասաց Բագրատ արքեպիսկոպոսը։
Ի՞նչ են սպասում հոգևորականի առաջնորդած պայքարից, ի՞նչ կարող է փոխել արցախցիների կյանքում։
«Հակված չեմ մտածել, որ արցախցիների կյանքում փոփոխությունները կլինեն շատ արագ, և էս փուլում վճռական փոփոխություններ չեմ տեսնում ու սպասում», - «Ազատությանն» ասաց Արցախի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Գագիկ Բաղունցը:
Բաղունցը շեշտում է՝ իրենք անձերի դեմ չեն, իրենց պայքարը Արցախում ապրելու համար է, Հայաստանի ու Արցախի համար է։
«Եվ ինչ անհրաժեշտ լինեն այդ քայլերը, եթե դա հիմնավորված լինի, եթե դա հաշվարկված և նպատակաուղղված լինի հանուն մեր ազգային խնդիրների լուծման, մենք կգնանք ա՛յդ քայլերի վրա: Մենք խնդիր չենք դնում որևէ մեկին իշխանությունից զրկենք, մենք խնդիր չենք դնում կոնկրետ մարդկանց դեմ պայքարել, մենք խնդիր ենք դնում հանուն ինչի ենք պայքարելու, և դա հստակ է», - հայտարարեց Արցախի խորհրդարանի նախկին փոխխոսնակը:
Հանդիպման սկիզբը բաց էր լրագրողների համար, իսկ քննարկումն արդեն փակ դռների հետևում էր: Չէր եկել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը:
Բագրատ սրբազանի հաջորդ հանդիպումը փորձագետների ու հասարակական դեմքերի հետ էր, իսկ երեկոյան օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում: