Մատչելիության հղումներ

Արսեն Խառատյան. «Շատ կարևոր կլիներ, եթե այս գործընթացը անգամ երկկողմ ձևաչափով իսկապես շարունակվեր»


«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը «Ազատությանը» տված հարցազրույցում դժվարացավ ասել՝ սահմանազատման այս գործընթացը լավատեսություն ներշնչո՞ւմ է, որ խաղաղությունը մոտ է:

«Մի շարք հանգամանքներից է կախված: Գիտենք, որ կարծեք թե համաձայնություն կա 76 թվականի քարտեզների հիմքով շարունակել պրոցեսը, մեր հանրության բոլոր շրջանակների կողմից թերահավատություն կա այս հարցում՝ հատկապես հաշվի առնելով, որ ընդամենը մի կտորում հիմա, այսպես ասած, պիլոտային բան է արվում: Կախված նրանից, թե այն ընթացակարգը, որ համաձայնեցվել է փոխվարչապետերի մակարդակում, ինչքանով կպահպանվի և ինչքան արագ դա տեղի կունենա, կկարողանանք առաջիկայում նաև գնահատել դա», - ասաց Խառատյանը՝ շարունակելով. - «[Որ տարածվի նաև սահմանի] ամբո՛ղջ երկայնքով, այո: Արդյո՞ք սա այն ֆունդամենտալ փաստաթուղթն է, քարտեզն և համաձայնությունն է, որի տրամաբանությամբ շարունակելու է: Այդ պարագայում, այո, կարող ենք խոսել ինչ-որ դրական գործընթացի մասին: Շատ բան կախված է, թե սրանից հետո ինչ է լինելու և ինչ արագությամբ»:

«Այդ մտավախությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը գուցե հասնելով այն հատվածներին, որտեղ ի՛նքը պետք է նահանջի, ասի՝ այս սկզբունքն այլևս չի գործում: Սրա համար գործուն միջամտություն պետք չէ՞ այլ ուժերի, որ Ալիևի ձեռքը բռնեն», - այս հարցին «Ալիք Մեդիա»-ի հիմնադիրն արձագանքեց. - «Մի բացասական բան այս կոնկրետ գործընթացում կա, որը նաև գուցե որակվում է դրական, այն է, որ դա բացառապես երկկողմ գործընթաց է, այսինքն՝ որևէ միջազգային կառույց, օրինակ՝ ԵԱՀԿ-ն, որևէ երրորդ պետություն, որը միջնորդություն կարող էր ունենալ, որը իր հետ կբերեր որոշակի երաշխիքներ, չունենք: Այս պարագայում, այո, եթե օրինակ, վաղը ապակառուցողական մոտեցում լինի Բաքվից և ասվի, որ՝ «վերջ, դադարեցնում եմ»՝ ինչ-որ պատճառաբանությամբ, սա կդառնա Հայաստանի համար իսկապես բավականին բարդ գործ, բայց նաև՝ որոշ իմաստով գործիք, որպեսզի ասվի, որ՝ «տեսեք, որ կառուցողական չի», և այլն»:

«Շատ կարևոր կլիներ, եթե այս գործընթացը անգամ երկկողմ ձևաչափով իսկապես շարունակվեր, և դա տեղի չունենար, չգիտեմ, մի քանի տարվա կտրվածքով, այլ՝ արագ», - ընդգծեց Խառատյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։

Օրեր առաջ Անվտանգության խորհրդի քարտուղարը Հանրայինին տված հարցազրույցում ասաց, որ Կիրանցում 4 շինություն է անցնում այն կողմ՝ մեկ տուն, մեկ կացարան, ավտոտնակ և խանութ: Բացի տներից, նաև կամրջի հարցը կա այստեղ, ընդհանրապես Վրաստան գնացող միջպետական ճանապարհի մի հատվածն անցնում է ադրբեջանական կողմին: Պաշտոնյաները խոստանում են, որ շրջանցիկ ճանապարհ է կառուցվելու երկու ամսվա ընթացքում:

Բնակիչները նաև ասում են, որ տասնյակ հեկտարների վարելահողեր կան, որոնք թեև անմիջական ադրբեջանական վերահսկողության տակ չեն անցնելու, բայց ադրբեջանցի սահմանապահների թիկունքում են լինելու: Թե ինչպե՞ս են դրանք մշակելու, հասանելի՞ են լինելու այդ տարածքները գյուղացիներին, դեռ հստակություն չկա:

XS
SM
MD
LG