Թուրքիայի նախագահն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում գոհունակություն է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացն «ընթանում է դրական ուղղությամբ», և նշել, որ Անկարան ուշադիր հետևում է գործընթացին։
Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում Ռեջեփ Էրդողանը նաև ընդգծել է, որ «արդար և կայուն խաղաղությունը, որը կապահովվի տարածաշրջանում», նոր միջավայր կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, տարածաշրջանի երկրների համար։
- Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
- Հայաստանի վարչապետը Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը օրեր առաջ «մեծ հաջողություն» էր որակել։