Մատչելիության հղումներ

Սիմոնյանը չի բացառում, որ այլ հատվածներում ևս սահմանազատումը տեղի ունենա 1976-ի քարտեզներով


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ այլ հատվածներում ևս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը տեղի ունենա 1976 թվականի քարտեզներով։

«Ես չեմ բացառում, որովհետև իրավական առումով սա ամենահարմար տարբերակներից մեկն է, եթե ոչ ամենահարմարը», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Սիմոնյանը․ - «Ի սկզբանե նույնիսկ չէինք կարողանում տեղ գտնել, որտեղ Ադրբեջանը և Հայաստանը կարող էին համաձայնել, որ բանակցությունների համար էդ վրանը դնեին ուղիղ սահմանի վրա: Այսինքն՝ հենման կետ չունեինք: Հիմա մենք կետ են գտել, որից սահմանը հնարավորություն ունենք ամբողջությամբ ուրվագծել: Եվ ես ենթադրում եմ, որ տրամաբանությունը նույնը պետք է լինի և շարունակական պետք է լինի և ամբողջ սահմանը կարողանանք»։

Ճշտող հարցին, թե հենց 1976 թվականի քարտեզներո՞վ, Սիմոնյանը պատասխանեց․ - «Ես տենց կարծում եմ, որ դա ամենալավ տարբերակն է:
Չեմ բացառում որ մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ տարբերակ ընտրվի»:

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։

Մեկ օր անց կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ «որդեգրել են սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»։ Փաշինյանը նկատի ուներ Խորհրդային միության օրոք հաստատված սահմանները՝ պարզաբանելով․ - «Եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա ի՞նչ կնշանակեր, կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր: Վարչապետը միևնույն ժամանակ շեշտեց՝ այս սկզբունքը գործուն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բոլոր հատվածների համար:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր նաև Հանրային եթերում հայտարարել, որ 1976 թվականի քարտեզն է սահմանազատման գործընթացի հիմք վերցվել և, ըստ դրա, առնվազն 4 գյուղերի մասում՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքում, սահմանազատում է իրականացվել և գծվել է սահմանը՝ սահմանից այս կողմ ՀՀ տարածքն է, սահմանից այն կողմ Ադրբեջանի տարածքն է։ Գրիգորյանը միևնույն ժամանակ ընդգծել էր՝ սահմանազատման գործընթացը հաջող է և դրանով նախադեպ է ստեղծվել, որպեսզի շարունակվի սահմանազատումը հենց 1976 թվականի քարտեզներով։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG