Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը համաձայն չէ գնահատականների հետ, թե Ազատության հրապարակում սպասվող միջոցառմանն ընդառաջ տեղում գտնվող ոստիկանական ուժերը մեծաթիվ են։
«Մեծաթիվ չէ, սովորական ծառայություն է։ Բոլոր տեսակի միջոցառումներին էլ մենք պլանավորում ենք ծառայություն՝ հասարակական կարգը պահպանելու համար», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
«Ազատությունն»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված։ Դեպի Օպերայի շենք տանող փողոցները փակ են, տեղում ոստիկանական ուժեր են կենտրոնացած։
Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ ժամը 15։00-ից 20։00-ն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը՝ կայանալիք միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։ Խոսքը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 2024 թվականի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի մասին է, որին, ըստ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։
Նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ այսօր բողոքի ակցիա են նախատեսում Ազատության հրապարակում։