Այսօր ժամը 15։00-ից 20։00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը, տեղեկացնում է ոստիկանությունը։
Ըստ հաղորդման՝ փողոցները փակվելու են Օպերայում կայանալիք միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։
Մասնավորապես, ըստ հաղորդման, փակ կլինեն Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սա «գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչ» է համարում:
Նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ այսօր բողոքի ակցիա են նախատեսում Ազատության հրապարակում։
«Վաղը ժամը 5-ին միջազգային համաժողով-ֆորում կա մեր օպերայի դահլիճում, բազմաթիվ միջազգային տնտեսական ընկերություններ պետք է ներկա լինեն, և այնտեղ բանախոսությամբ պետք է հանդես գա այս կառավարության ղեկավարը։ Յուրաքանչյուրդ կարողություն և հնարավորություն ունի այդտեղ գտնվելու և իր անհամաձաայնությունը, բողոքը հայտնելու, ցույց տալու, որ այն քաղաքականությունը, որ վերաբերում է հատկապես մեր երկրի սահմանազատման, սահմանագծման՝ այս ապօրինի հակաօրինական գործընթացին, մենք համաձայն չենք դրա հետ, և մեր անհամաձայնությունը պետք է հայտնենք։ Հոծ թվով պետք է ներկա լինենք, և այդ պահին ընդվզում հայտնենք, որ սա անընդունելի է մեզ համար։ Վաղը մենք պետք է մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը հայտնենք՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը»,- հայտարարել էր Տավուշի թեմի առաջնորդը։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որ մայիսի 9-ից ակցիաներ, հանրահավաքներ ու ցույցեր է անում, պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։
Իշխանությունները շեշտում են, որ այս հավաքները փորձ են՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են «զուրկ քաղաքական բովանդակությունից»։