20։09
Բագրատ սրբազանը մի քանի անգամ ոստիկաններից պահանջեց բացել ճանապարհը։ Ի վերջո, ժամը 20-ից հետո ոստիկանները բացեցին ճանապարհը շարժման մասնակիցների առջև։
19։55
Ոստիկաններն շարունակում են փակ պահել Ազատության հրապարակ մուտքերը, հրաժարվում բացել Օպերայի հարակից փողոցների երթևեկելի հատվածը։
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, որ փողոցը փակ է լինելու մինչև 22:00–ն:
19։14
Քիչ առաջ իրավիճակը լարվեց, Հյուսիսային պողոտա-Թումանյան փողոց հատվածի արգելապատնեշի մոտ հրմշտոց ծագեց։ Այժմ Տավուշի թեմի առաջնորդն ասում է՝ ինչ երթուղով են այստեղից շարժվելու սուրբ Աննա եկեղեցի։
18։16
Ոստիկանությունը քաղաքացիներին դեռ թույլ չի տալիս առաջանալ Ազատության հրապարակ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները, սակայն, շարունակում են գտնվել տեղում։
18։06
Առաջիկայում մեծ հանդիպում կլինի քաղաքական ուժերի հետ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Հստակություն շատ կա։ Մենք հանդիպում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, որոշակի արդեն ուրվագիծն ու ուղղությունը կան, վաղը մյուս օրը ավելի մեծ հավաք կլինի այդ ամբողջ ներկապնակի հետ, իրենց համաձայնությունը հայտնած է, այսինքն, բայց ուղղությունն ընդգծելու», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
18։01
«Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ Բագրատ սրբազանը տեղում է, շրջում է տարածքում, մարդկանց հետ զրուցում։ Շարժումը Ազատության հրապարակին մոտենալու փորձեր չի արել։
17։01
«Այսօր երկու նշանակալից դեպք է եղել, առաջինը խայտառակության, վախի մասին է. մեր տարիների նվիրյալ բժշկին ազատել են աշխատանքից, որովհետև ողջագուրվել է ինձ հետ և մասնակցել երթին», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սրբազանը՝ նկատի ունենալով Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի ազատումը։
Տավուշի թեմի առաջնորդն ասաց, որ բոլոր բժիշկներին հանդիպման է հրավիրել։
16:56
Ազատության հրապարակ տանող ճանապարհները՝ լուսանկարում.
Այստեղ այսօր ՎԶԵԲ տարեկան միջոցառման բացման արարողությունն է՝ վարչապետ Փաշինյանի ներկայությամբ։
Նախօրեին Բագրատ սրբազանը դեպի հրապարակ մի քանի կետից երթի մասին հայտարարեց, արդեն այսօր էլ հայտնի դարձավ՝ դեպի հրապարակ որոշ չանապարհներ կփակվեն։
«Ազատության» թղթակիցներն ասում են՝ հրապարակ հասնել գործնականում հնարավոր չէ։
16։42
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ավելի վաղ հայտարարել էր, որ խմբեր են կազմելու և մայրաքաղաքի տարբեր հատվածներից քայլերթով շարժվելու են Ազատության հրապարակ, ուր հավաք են նախատեսում։
Խմբերից մեկը Թումանյան-Տերյան խաչմերուկի հատվածում է։ Ոստիկանները պարբերաբար հորդորում են բացել փողոցը։ Միջոցառման մասնակիցների մեքենաներն են անցնում, հավաքվածները սուլում են։
16:39
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քիչ առաջ միացավ Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի հատվածում հավաքված քաղաքացիներին։
16։00
Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը համաձայն չէ գնահատականների հետ, թե տեղում գտնվող ոստիկանական ուժերը մեծաթիվ են։
«Մեծաթիվ չէ, սովորական ծառայություն է։ Բոլոր տեսակի միջոցառումներին էլ մենք պլանավորում ենք ծառայություն՝ հասարակական կարգը պահպանելու համար», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
14։58
Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված։ Դեպի Օպերայի շենք տանող փողոցները բավականին մեծ հեռավորության վրա փակ են։
«Ազատության» տեսախցիկը ֆիքսել է, որ ոստիկաններին մահակներ են բաժանում։ Նրանք նշեցին, որ հանդերձավորվում են։
Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ ժամը 15։00-ից 20։00-ն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը՝ կայանալիք միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։
Մասնավորապես, ըստ հաղորդման, փակ կլինեն Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սա «գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչ» է համարում:
Նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ այսօր բողոքի ակցիա են նախատեսում Ազատության հրապարակում։
Սրբազանն ասել էր, որ այսօր այստեղ նախատեսվում ՝ ՎԶԵԲ միջոցառումը, որին ներկա է լինելու նաև վարչապետ Փաշինյանը։