Մատչելիության հղումներ

Օսթինը դիմել է ԱՄՆ գործընկերներին՝ Կիևին Patriot համակարգեր փոխանցելու


Ուկրաինացի զինծառայողները Դոնեցկի մարզում խրամատային համակարգ են պատրաստում, արխիվ
Ուկրաինացի զինծառայողները Դոնեցկի մարզում խրամատային համակարգ են պատրաստում, արխիվ

Ամերիկյան օգնության հաստատումից օրեր անց պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը դիմել է Միացյալ Նահանգների գործընկերներին՝ Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցելու համար:

«Կան երկրներ, որոնք ունեն Patriot-ներ, և մենք շարունակում ենք ներգրավել այդ երկրներին», - ասել է Օսթինը Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովին՝ չբացահայտելով երկրների անունները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի անդամներին ասել էր, որ իր երկրին անհրաժեշտ է առնվազն յոթ լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ՝ ռուսական օդային հարվածներին դիմակայելու համար։

Ուկրաինական բանակը շարունակում է կորցնել վերահսկողությունը Դոնեցկի մարզում. ռուսական ուժերն Ավդեևկայի մոտակայքում գրավել են Օչերետնոյե գյուղի գրեթե ողջ տարածքը։ Բացի այդ, շարունակում են հարձակողական գործողությունները ռազմավարական բարձունքների վրա գտնվող Չասով Յար քաղաքի ուղղությամբ։ Կիևում հույս ունեն, որ ԱՄՆ-ի երկար սպասված ռազմական օգնությունը կօգնի կայունացնել իրավիճակը։

Ըստ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանների՝ առաջիկա շաբաթների ընթացքում, մինչև ԱՄՆ նոր ռազմական օգնությունը տեղ կհասնի, ռուսական զորքերը, ամենայն հավանականությամբ, կհասնեն մարտավարական նշանակալի ձեռքբերումների, սակայն դժվար թե կարողանան կոտրել ուկրաինական պաշտպանությունը։

Շոյգուն կարգադրել է մեծացնել զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը

Ռուսական կողմը հարձակման տեմպը թուլացնել չի պատրաստվում։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հենց այդ նպատակով այսօր կարգադրել է մեծացնել զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը։

«Հարձակման պահանջվող տեմպը պահպանելու և զորքերի խմբերի մարտական հզորությունը հետագա գործողությունների համար ապահովելու համար անհրաժեշտ է մեծացնել զորքերին մատակարարվող զենքի և ռազմական տեխնիկայի ծավալն ու որակը, առաջին հերթին՝ ոչնչացման զենքերը», - ասել է նա։

Շոյգուն խորհրդակցություն է անցկացրել Ուժերի միացյալ խմբի շտաբում, լսել ռազմական խմբավորումների հրամանատարների զեկույցները և հայտարարել, որ ռուս զինվորականները «շարունակում են մարտական առաջադրանքներ կատարել հատուկ ռազմական գործողության պլանի համաձայն»:

Զոհեր՝ խաղաղ բնակչության շրջանում

Բացի ճակատի մարտերից, կողմերը շարունակում են հարվածել նաև միմյանց բնակավայրերին։ Գիշերը ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով գրոհել են Օդեսայի կենտրոնը, այսօր արդեն Խարկովը, երկու քաղաքներում էլ խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան։ Իսկ ուկրաինական կողմը անօդաչուներով հարվածել է Ռյազանի նավթավերամշակման գործարանին, հրթիռակոծել նաև բռնակցված Ղրիմը։ Ռուսական կողմը հնարավոր կորուստների մասին տեղեկություն չի հաղորդել։


XS
SM
MD
LG