Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի երկրներն ամբողջությամբ չեն կատարել Կիևի հանդեպ իրենց պարտավորությունները. Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Ուկրաինայի նախագահը հանդես են գալիս մամուլի ասուլիսով, 29-ը ապրիլի, 2024թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Ուկրաինայի նախագահը հանդես են գալիս մամուլի ասուլիսով, 29-ը ապրիլի, 2024թ.

Չհայտարարված այցով այսօր Կիև ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասել է, թե դաշինքի երկրներն ամբողջությամբ չեն կատարել Կիևի հանդեպ իրենց պարտավորությունները։ Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, հիշեցրել է ԱՄՆ-ի ռազմական օգնության վեցամսյա ուշացումը և Եվրամիությունից արկեր ուղարկելու հետ կապված խնդիրները։

Միաժամանակ Ստոլտենբերգն ընդգծել է, որ իրավիճակը կփոխվի. - «Դեռևս ուշ չէ, որ Ուկրաինան հաղթի, բայց դրա համար կարևոր է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները իրականում կատարեն այն, ինչ մենք խոստացել ենք, և որ մենք այդ պարտավորությունները վերածենք զենքի և զինամթերքի իրական առաքման»։

Նախօրեին Ուկրաինայի նախագահը կրկին խոսել էր Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու պաշտոնական բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին։ Ի պատասխան՝ Ստոլտենբերգն այսօր ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի և Կիևի համագործակցությունն անշրջելի է դարձնում Ուկրաինայի ուղին, սակայն հնարավոր չի լինի համաձայնության գալ երկրի անդամակցության շուրջ հուլիսին Վաշինգտոնում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։ Անդամակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների կոնսենսուսային որոշումը:

Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, այդուամենայնիվ այսօր կրկին պնդել է Զելենսկին՝ հավելելով. - «Ռուսաստանը ձգտում է մեր պետությունը, մեր ժողովրդին և մեր ներուժը դարձնել իր ցատկահարթակը ամբողջ եվրոպական և եվրատլանտյան տարածքի հետագա ապակայունացման համար։ Եվ հետևաբար, մեր պետությունը պաշտպանելն անհրաժեշտ է վստահելի և երկարաժամկետ անվտանգություն ունենալու համար»։

Կիևն ու ՆԱՏՕ-ն այսօր քննարկում են ուկրաինական պաշտպանությանը հինգ տարի ժամկետով ֆինանսական աջակցության համար 100 միլիարդ եվրոյի չափով հատուկ հիմնադրամ ստեղծելու Յենս Ստոլտենբերգի նախաձեռնությունը։ Թե ինչ փուլում է այս ծրագիրը, Զելենսկին չի ասել, փոխարենը՝ հայտարարել է, թե 66 միլիարդ դոլարի ամերիկյան օգնությունն արդեն սկսել է հասնել Ուկրաինա։

«Որոշ բաներ արդեն սկսել են տեղ հասնել, չեմ մանրամասնի, թե կոնկրետ ինչ։ Ցավոք, մեր բանակը համալրելու և համապատասխան թվով բրիգադներ զինելու համար դեռ ամեն ինչ չէ, որ հասել է», - ասել է նա։

Ռազմի դաշտում իրավիճակն ուղղակիորեն կախված է Ուկրաինային զինամթերքի մատակարարման արագությունից, շեշտել է Ուկրաինայի նախագահը՝ կոչ անելով արագացնել այդ գործընթացը։

Մինչ այդ Մոսկվան պնդում է, թե ռուս զինվորականները ռազմաճակատից հանել են ամերիկյան արտադրության M1 Abrams առաջին տանկը։ Այն կցուցադրվի Մոսկվայում գրավված տեխնիկայի ցուցահանդեսում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Կենտրոն» զորքերի խմբի խոսնակ Ալեքսանդր Սավչուկը։

Ռուսական բանակը շարունակում է ակտիվ գրոհները ճակատում և դանդաղ առաջ է գնում։ Անցած 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը գնդակոծել են ուկրաինական ինը մարզերի տարածքներ, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մեդիակենտրոնը։ Ընդհանուր առմամբ հարձակման է ենթարկվել 114 բնակավայր և 51 ենթակառուցվածքային օբյեկտ։

Կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում։

Ռուսները շարունակում են ինտենսիվ գրոհել ուկարինական դիրքերը հատկապես Դոնեցկի մարզում։ Երեկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին գրել է Տելեգրամի իր ալիքում, որ ուկրաինացի զինվորականները ճակատի այս հատվածում ստիպված են նահանջել։

Նրա խոսքով՝ ռուսական բանակն ակտիվորեն առաջ է շարժվում առաջնագծի գրեթե ողջ երկայնքով և որոշ ուղղություններով մարտավարական հաջողություններ ունի։ Այս իրավիճակում, ըստ Սիրսկու, ուկրաինացի զինվորականները ստիպված են եղել նահանջել Դոնեցկի մարզի Բերդիչի, Սեմենովկա և Նովոմիխայլովկա գյուղերից դեպի արևմուտք գտնվող նոր գծեր։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան փորձագետները նույնպես արձանագրել են՝ ռուսական վերջին առաջխաղացումները Ավդեևկայից հյուսիս-արևմուտք ստիպել են ուկրաինական զորքերին նահանջել արևմուտքում գտնվող մարտավարական դիրքերից, միաժամանակ նշելով, որ այս նահանջը դեռ չի հանգեցրել Ռուսաստանի արագ մարտավարական նվաճումների։

Ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ չնայած ճակատում ստեղծված ուկրաինական կողմի համար բարդ վիճակին՝ ռուսական զորքերը մոտ ապագայում դեռևս դժվար թե կարողանան հասնել ավելի խորը, օպերատիվ առումով զգալի առաջընթացի: Այդուամենայնիվ, ՌԴ պաշտպանության նախարարությունը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է Դոնեցկի մարզում նոր բնակավայրեր գրավելու մասին։

XS
SM
MD
LG