Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) կոչ է անում Հայաստանին՝ ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթների և ոստիկանության նկատմամբ։
GRECO-ն ընդգծում է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ձեռնարկված դրական քայլերը՝ կոռուպցիայի դեմ պայքարը խթանելու ուղղությամբ։
Այն նաև ողջունում է ֆինանսական բացահայտման համապարփակ համակարգի ներդրումը՝ նշելով, որ վերջերս հրապարակվել է 2023-2026 թթ․ ժամանակահատվածի համար Հակակոռուպցիոն ռազմավարության և Գործողությունների ծրագիրը, որոնք նախատեսում են որոշակի խոստումնալից զարգացումներ, սակայն այդ ծրագրերի իրականացումը պետք է արդյունավետ կերպով կյանքի կոչվեն։
Հայաստանին կառավարությանն անհրաժեշտ է հաշվետվողականության ավելի ուժեղ համակարգ՝ անհարկի ազդեցության ռիսկերը կանխելու համար, նշում է GRECO-ն՝ հիշեցնելով, որ մի քանի լայնածավալ հետաքննություններ են ընթանում բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի և նախորդ վարչակարգերի հետ կապված, սակայն մինչ օրս որևէ դատավճիռ չի կայացվել:
Անդրադառնալով տեղեկատվության հասանելիությունը՝ GRECO-ն նշում է, որ անհրաժեշտ է ավելին անել՝ բարելավելու տեղեկատվության հասանելիությունը և հանրային մասնակցությունը որոշումների կայացմանը՝ շեշտելով՝ լոբբիստական գործունեության արդյունավետ կանոններ պետք է ընդունվեն:
Ինչ վերաբերում է ոստիկանությանը՝ GRECO-ն նշում է, որ այն չունի ոչ հատուկ հակակոռուպցիոն քաղաքականություն/ռազմավարություն, ոչ էլ սեփական վարքագծի կանոնագիրք, և չի իրականացվում ռիսկերի գնահատում: GRECO-ն առաջարկում է ուժեղացնել վերստուգման ընթացակարգերը։
«Պետք է ուժեղացնել ոստիկանության բոլոր աստիճաններում կանանց ներկայացվածությունը՝ ինչպես հավաքագրման փուլում, այնպես էլ ներքին առաջխաղացման համատեքստում», - ասված է հայտարարությունում
Ըստ GRECO-ի՝ կարելի է նաև ավելին անել ոստիկանության գործողությունների թափանցիկությունը բարելավելու և հանրությանը փոխանցվող տեղեկության համապատասխանությունն ու ժամանակին տրամադրումը ապահովելու համար։
Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը իշխանությունները GRECO-ին կներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը: Հաջորդիվ, GRECO-ն կգնահատի երկրի համապատասխանության մակարդակը ներկայացված առաջարկությունների հիման վրա: