Մատչելիության հղումներ

Դատավորը խորհրդակցական սենյակում է՝ որոշելու կալանավորել Գագիկ Խաչատրյանին, թե՝ ոչ


Երեկվանից դատավոր Արթուր Մկրտչյանը խորհրդակցական սենյակում է՝ որոշելու՝ երեք տարվա ընդմիջումից հետո նորից կալանավորել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, թե՝ ոչ։ Առայժմ հայտնի չէ՝ որոշումը երբ կհրապարակվի, դատավորն օր ու ժամ չի նշել։

Երեկոյան այս հարցով կայացած դատական նիստին Գագիկ Խաչատրյանը դատարան էր եկել ոչ թե ինքնուրույն, այլ շտապօգնության մեքենայով և դատական նիստին մասնակցեց դիմակով։

Մինչ փաստաբան Երեմ Սարգսյանը պնդում էր, որ պաշտպանյալը չի կարողանում մասնակցել դատական նիստերին ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառով, տեղաշարժվում է սալյակով ու չի կարող տևական ժամանակ անցկացնել դատարանում, դատախազ Գևորգ Սարգսյանը հայտարարում էր՝ անցած մեկ տարում 14 դատական նիստերից 12-ը չեն կայացել Խաչատրյանի բացակայության պատճառով, և որ նախկին պաշտոնյան ամեն ինչ անում է՝ նիստերը ձգձգելու համար։

«Հատկանշական է նաև, որ որոշ դատական նիստեր նշանակված են եղել ժամանակագրային առումով բավականին մեծ միջակայքի պայմաններում, մինչդեռ այնուամենայնիվ, Գագիկ Խաչատրյանը հենց դատական նիստերի կամ դրանց նախորդող օրերի ընթացքում է դիմել բժշկական հաստատություններ և ստանալով այդ հանգամանքը հավաստող տեղեկանքներ՝ դրանք պաշտպանների միջոցով ներկայացնելով դատարան՝ ապահովագրել է իրեն նախապես նշանակված դատական նիստերին չներկայանալ», - ասաց նա։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին առանցքային պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել դեռ 2019-ին, նա մեկ տարի կալանավորված էր, հետո ազատ արձակվեց շուրջ 250 հազար դոլար գրավի դիմաց։

6 տարի մաքսային և հարկային ծառայությունները, ևս երկու տարի էլ Ֆինանսների նախարարությունը ղեկավարած 68-ամյա Խաչատրյանին հայաստանյան իրավապահները մեղադրում են չարաշահման, վատնում կատարելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Ընդհանուր առմամբ, Խաչատրյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի չափը կազմում է ավելի քան 41 միլիոն դոլար։

Դրվագներից մեկով, օրինակ, ըստ իրավապահների, Խաչատրյանը գործարար Սեդրակ Առուստամյանից 20 միլիոն դոլար կաշառք է ստացել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպը» խոչընդոտներ չունենա հարկային դաշտում, ապա այդ գումարով Լոս Անջելեսում հսկայական առանձնատուն է գնել։ Գագիկ Խաչատրյանը, սակայն, հակադարձում է՝ այդ 20 միլիոն դոլարը ոչ թե կաշառք է, այլ պարտքով՝ տոկոսով գումար, որ Սեդրակ Առուստամյանը տվել է Խաչատրյաններին ամերիկյան առանձնատունը գնելու համար։

Դեռ տարիուկես առաջ Կալիֆոռնիայի դաշնային կառավարությունը Խաչատրյանին ու որդիներին պատկանող շքեղ առանձնատան բռնագանձնման գործընթաց էր նախաձեռնել Հայաստանի գլխավոր դատախազության հարցման հիման վրա։ «Ազատության» հարցին՝ համաձա՞յն է ամերիկյան Արդարադատության նախարարության հետ, թե կոռուպցիոն հետք կա, ՊԵԿ նախկին ղեկավարն այն ժամանակ պատասխանել էր․ - «Ես չգիտեմ՝ ինչ են ասում։ Դե հիմա ինչ են ասում, դրա համար փաստաբանները կզբաղվեն, եթե ինչ-որ հարցեր ունեք, դիմեք իրենց, իրենք կպատասխանեն»։

Այդ ժամանակ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ծավալուն հաղորդագրութուն էր տարածել, որում Գագիկ Խաչատրյանին ներկայացրել էր որպես նախկին սուպերնախարար, որի ընտանիքը 3 հազար քառակուսի մետր մակերեսով առանձնատունը 2011 թվականին ձեռք է բերել ավելի քան 14 միլիոն դոլարով, իսկ այժմ այն վաճառվում է չորս անգամ ավելի՝ 63,5 միլիոն դոլարով։ Ի՞նչ փուլում է բռնագանձման գործընթացը, գլխավոր դատախազությունը ամիսներ շարունակ չի մանրամասնում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG