Մատչելիության հղումներ

«1 քառակուսի մետրի համար 66 հազար դրամ». Սամվել Մայրապետյանը հերքում է դատախազության մեղադրանքները


Սամվել Մայրապետյանը, արխիվ
Սամվել Մայրապետյանը, արխիվ

1 քառակուսի մետրի համար 66 հազար դրամ. Մայրաքաղաքի կենտրոնում՝ երիտասարդական մետրոյի դեմ դիմաց դեռ 18 տարի առաջ կառուցված շենքի բնակարանները վաճառվել են հենց այս գնով։

Գլխավոր դատախազությունն է այս գինը գտել առուվաճառքի պայմանագրերում։ Հիմա պնդում են, որ սա կեղծ գին է, և շենքը կառուցող գործարար Սամվել Մայրապետյանն է հատուկ այս թիվը նշել պայմանագրերում, որ քիչ հարկ վճարի։

Իրավապահներն ասում են՝ այն ժամանակ Երևանի հատուկենտ նորակառույցներում այլ գներ էին, այս շենքում ևս դրանք վաճառվել են քառակուսին մոտ 800 հազար դրամով, այսինքն՝ փաստաթղթերում նշված գնից 11 անգամ ավելի թանկ։

Հակակոռուպցիոն դատարանը երեկ վճռեց, որ գործարար Սամվել Մայրապետյանն ու 2000-ականներին անշարժ գույքի առուվաճառքով զբաղված «Գլոբուս» ընկերության ղեկավարը այս կեղծ գործարքի համար որպես վնաս պետությանը պետք է վերադարձնեն ավելի քան 4 միլիարդ դրամ։

«Սամվել Մայրապետյանը «Գլոբուս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է Երևան քաղաքի Տերյան 66 հասցեի բնակարանների շուկայական արժեքները առուվաճառքի պայմանագրերում էականորեն ցածր գներով նշելը ու այդպիսով առանձնապես խոշոր չափերով հարկ վճարելուց խուսափելը: Ստացված տվյալների համաձայն, 2006 թվականի դրությամբ այդ նույն բնարականների կամ ոչ բնակելի տարածքների շուկայական արժեքներն էականորեն բարձր են եղել: Այդպիսով դա վկայում է այն մասին, որ Սամվել Մայրապետյանի գործողությունները ուղղված են եղել հարկ վճարելուց խուսափելուն», - նշեց դատախազ Ֆիլիանա Բելլույանը:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ֆիլիանա Բելլույանն ասում է՝ փորձաքննություններով հաստատվել է, որ 141 գույք, այդ թվում՝ ավտոկայանատեղիներ ու ոչ բնակելի տարածքներ վաճառելիս Մայրապետյանը կեղծել է պայմանագրերը, ինչի հետևանքով էլ պետական բյուջե է վճարվել մի քանի անգամ պակաս հարկ։

«Ավելացված արժեքի հարկ և շահութահարկի գումարը, ըստ էության, Մայրապետյանը ներկայացրել է համապատասխան հաշվարկները, բայց ավելի ցածր, հարկային պարտավորությունից խուսափել է, ստացվում է, որ ինքը ավելացված արժեքի հարկի գծով ու շահութահարկի գծով ներկայացրել է շատ քիչ հաշվարկներ, քիչ հարկեր, բայց իրականում դրանք պետք է ավելի շատ լինեին», - ընդգծեց դատախազը։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին շինարարական բիզնես ծավալած Մայրապետյանը մեղադրայլի աթոռին է 2018-ից, բացի այս գործից մեղադրվում է նաև Քոչարյանի օգտին գործարար Սիլվա Համբարձումյանից մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, ինչպես նաև նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն օժանդակելու համար։

Մեղքը չընդունող 64-ամյա Մայրապետյանը 2019-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխվեց Գերմանիա ու չվերադարձավ, այժմ հետախուզվում է։

Դատարանի երեկվա վճռից հետո գործարարը հայտարարություն տարածեց ու պնդեց՝ այն իրավաչափ չէ և չի պատրաստվում որևէ լումա վճարել պետությանը։

«Քանի որ իրավաբանության հետ կապ չունեցող այս գործընթացը սկզբից մինչև վերջ հակաիրավական է, հետևաբար այն անպայմանորեն բողոքարկվելու է բոլոր հնարավոր՝ թե՛ ներպետական և թե՛ միջազգային ատյաններում», - նշված է հայտարարությունում։

Մայրապետյանը, սակայն, իր հայտարարության մեջ չի մանրամասնում՝ ի վերջո, դատախազության հայտնաբերած խախտումներն իրական են, թե՝ ոչ, գրում է, որ մանրամասներից առաջիկայում կխոսեն իր փաստաբանները։

Դատական գործի նյութերում, ի դեպ, նշվում է, որ 2006-ին այս շենքում բնակարաններ են գնել նախկին իշխանավորներն ու նրանց հարազատները։ Օրինակ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դուստրը, երկրորդ նախագահի որդին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիները, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Քոչարյանի իշխանության տարիներին Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Նարեկ Սարգսյանն ու այլոք։

XS
SM
MD
LG