Մատչելիության հղումներ

Բայդենը և Կոնգրեսի ղեկավարները քննարկել են Ուկրաինային և Իսրայելին ռազմական անհապաղ օգնություն տալու հարցը


ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը և նախագահ Ջո Բայդենը, արխիվ
ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը և նախագահ Ջո Բայդենը, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կոնգրեսի ղեկավարները երեկ ուշ երեկոյան հեռախոսով քննարկել են Ուկրաինային և Իսրայելին ռազմական օգնությունն անհապաղ հաստատելու անհրաժեշտությունը: Քննարկումը տեղի է ունեցել Իսրայելի վրա Իրանի կատարած լայնածավալ օդային գրոհի կապակցությամբ:

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ Բայդենն ասել է, թե այժմ հրատապ է, որ Ներկայացուցիչների տունն ընդունի Իսրայելին, Ուկրաինային և Թայվանին օգնություն փոխանցելու օրինագիծը, որն ավելի վաղ հավանության է արժանացել Սենատի կողմից:

Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնն այդ փաստաթուղթը քվեարկության չի դրել, քանի որ այն ընդունելի չէ մեծ թվով հանրապետականների համար: Նրանք հավատացնում են, թե կողմ են մասնավորապես Ուկրաինային օգնություն տրամադրելու, սակայն այն, ըստ հանրապետականների, պետք է ոչ թե անվճար տրվի, այլ ձևակերպվի որպես վարկ:

Իսրայելի վրա Իրանի օդային գրոհները հետ են մղվել այդ թվում ամերիկյան ՀՕՊ համակարգերի շնորհիվ: Գրոհից հետո Իսրայելը և Միացյալ Նահանգները հայտարարել են, որ հիմա կա հրեական պետությանը հրատապ ռազմական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն: Առավել արագ ճանապարհը Սենատի կողմից արդեն հաստատված օրինագծի ընդունումն է, որով պետք է մոտ 14 միլիարդ դոլար հատկացվի Իսրայելին և ավելի քան 60 միլիարդ դոլար՝ Ուկրաինային։

Ներկայացուցիչների տան խոսնակ Ջոնսոնն ավելի վաղ ասել է, որ պալատը կքննարկի փաթեթը, բայց և ակնարկել էր, որ դրանում որոշ փոփոխություններ պետք է արվեն:

Մի շարք աջակողմյան հանրապետականներ սպառնացել են, որ կարող են նախաձեռնել Ջոնսոնի հրաժարականը, եթե նա քվեարկության դնի իրենց կարծիքը հաշվի չառնող օրինագծի տարբերակը։

Ուկրաինացի պաշտոնյաները Միացյալ Նահանգների օրենսդիրներին կոչ են անում արագ ընդունել օրինագիծը՝ նշելով երկրի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու հրատապ անհրաժեշտությունը և պնդելով, որ առանց ԱՄՆ-ի զենքի մատակարարումների, Ռուսաստանի կրակային հզորության առավելությունը ճնշող աստիճանի կհասնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG