Ինչպե՞ս է պատասխանելու Իսրայելը ապրիլի լույս 14-ի գիշերը իրականացված իրանական հարվածներին։ Արդեն երկրորդ օրն է ինչ Իսրայելի կառավարության կազմում գործող հինգ հոգանոց ռազմական կաբինետը չի կարողանում գտնել այս հարցի պատասխանը։
Тimes of Israel պարբերականի և իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի տեղեկություններով, հարձակման գիշերը կայացած նիստի ընթացքում ռազմական կաբինետի անդամներից երկուսը՝ Բենի Գանցն ու Գադի Այզենկոտը, առաջարկել են անհապաղ պատասխան հարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն, սակայն, այս առաջարկությանն ընդդիմացել է՝ նշելով, թե երկրի զինված ուժերը պետք է իրանական հարվածները չեզոքացնելու վրա կենտրոնանան։
Ամերիկյան ABC հեռուստաընկերությունն իր աղբյուրները վկայակոչելով պնդում է, որ Իսրայելի իշխող վերնախավում առկա հակասությունները հիմնականում մարտավարական են, և Իրանին պատասխան հարվածների հավանականությունը բավական մեծ է։ Իսրայելի զինված ուժերի հրամանատարությունն արդեն իսկ Նեթանյահուի կառավարությանը Իրանի դեմ ուժային գործողությունների մի քանի տարբերակներ է ներկայացրել՝ դրանց ընտրությունը թողնելով երկրի քաղաքական ղեկավարությանը։
Մյուս կողմից, այդուհանդերձ, Իսրայելի կառավարությունն այժմ բավական լուրջ արևմտյան ճնշման ներքո է, որի նպատակն է կանխել Իրանին հասցվելիք հնարավոր հարվածները և հակամարտության հետագա խորացումը։
The New York Times-ի տեղեկություններով, օրինակ, ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն իսրայելցիներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ նշելով, թե այն հանգամանքը, որ Իրանի կողմից արձակված անօդաչուների և հրթիռների 99 տոկոսը խոցվել է, արդեն «իսկ մեծ հաղթանակ է»։
Իսրայելին նույն ուղերձներն են հղում նաև Արևմտյան Եվրոպայի առաջատար պետությունները։
«Մենք պետք է անենք ամեն ինչ իրադրության հետագա սրումից խուսափելու համար։ Դրա համար մենք պետք է համոզենք Իսրայելին, որ պատասխանը ոչ թե իրադրության էսկալացիայի, այլ Իրանին մեկուսացնելու տեսքով պետք է լինի», - հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Պաշտոնական Լոնդոնի տեսակետը ևս Փարիզի մոտեցումներից չի տարբերվում։
«Որպես Իսրայելի բարեկամներ՝ մենք կոչ ենք անում նրանց առաջնորդվել բանականությամբ, այլ ոչ թե հույզերով։ Իսրայելը պետք է ընդունի, որ Իրանը պարտություն է կրել, քանի որ նրա հարձակումը ձախողվել է։ Կարծում եմ, որ իրադրությունը չսրելը ճիշտ քայլ կլինի», - հայտարարում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը։
Իրանա - իսրայելական հակամարտությունն, ի դեպ, այն եզակի դեպքերից է, երբ Արևմուտքի և Մոսկվայի մոտեցումները համընկնում են։
«Մենք տարածաշրջանի բոլոր պետություններին զսպվածության կոչ ենք անում։ Իրավիճակի հետագա լարումը որևէ մեկի շահերից չի բխում», - այսօր հայտարարում էր Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Իսրայելի և Իրանի լարված հարաբերություններn անցած գիշեր քննարկում էին նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում։
«Մերձավոր Արևելքn այժմ [պատերազմի] շեմին է: Տարածաշրջանի ժողովուրդներn ավերիչ, լայնածավալ հակամարտության իրական վտանգի առջև են կանգնած։ Այժմ, սակայն, լիցքաթափման և լարվածության թուլացման պահն է», - հայտարարում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Պաշտոնական Թեհրանն, իր հերթին, հստակորեն հայտարարում է՝ ապրիլի լույս 14-ի գործողությունն իր նպատակներին հասել է, Իսրայելի դեմ հետագա քայլերի մասին այժմ խոսք չկա, և միջազգային հանրությունը պարտավոր է հաշվի առնել այդ հանգամանքը։
«Սիոնիստական վարչակազմի դաշնակիցներին ուղղված մեր խորհուրդը հետևյալն է ՝գնահատեք Իրանի գործողությունների համաչափությունը։ Իրանի հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու փոխարեն լավ կլինի, որ դուք [Իսրայելին] զգուշացնեք, որ դրա հետագա չարամիտ գործողություններն անասելի ծանր հետևանքների կարող են հանգեցնել», - այսօր Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Դրա հետ մեկտեղ, Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը հերքում էր արևմտյան մամուլում և փորձագիտական շրջանակներում պտտվող այն լուրերը, որոնց համաձայն Իրանը նախնական համաձայնության էր եկել միջազգային գլխավոր դերակատարների հետ՝ խոստանալով, որ իր հարվածներն առավելապես խորհրդանշական բնույթ կկրեն։
«Իրանի Իսլամական Հանրապետության այս գործողության հետ կապված մեր և աշխարհի որևէ այլ երկրի միջև որևէ նախապես համաձայնեցված գործարք չի եղել։ Գործողությունը մենք իրականացրել ենք որպես զսպման միջոց։ Եթե սիոնիստական վարչակազմն այլ քայլերի դիմի, մեր գործողությունները շատ ավելի լուրջ բնույթ կկրեն», - հայտարարում էր Նասեր Քանանին։