Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ երկրների արտգործնախարարների նիստում ընդունված որոշումների մասին, մասնավորապես նաև հայտնեց, որ որոշվել է 2025 թվականին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք հռչակել ադրբեջանական Գյանջան։
Մամուլի ասուլիսում նա նորից խոսել է ԱՊՀ անդամ որոշ երկրներում Արևմուտքի ջանքերի մասին, ասելով, թե «Միացյալ Նահանգները և նրա արբանյակները փորձում են ներթափանցել մեր ընդհանուր տարածքի բոլոր ռեգիոնները, փորձում են խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համաձայնությունները։ Չեն ցանկանում թույլատրել, Ռուսաստանի օժանդակությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացումը»։
Լավրովի խոսքերով՝ նրանք (Արևմուտքը) ակտիվորեն փորձում են ներդրվել նաև Կենտրոնական Ասիայում, տարբեր ձևաչափեր են ստեղծում, որոնք ակնհայտորեն ուղղված են Ռուսաստանի դեմ։ Հրապարակավ հայտարարում են, որ անհրաժեշտ է ապահովել հետխորհրդային տարածքի երկրների իրական ինքնիշխանությունը, որպեսզի նրանք դուրս գան Ռուսաստանի ստվերից։ Նույն գիծը տարվում է նաև Մոլդովայի հանդեպ, և շատ այլ կետերում, ասել է Լավրովը, հայտնելով, որ այսօրվա հանդիպմանը նեղ կազմով այդ հարցերը քննարկվել են։
Մամուլի ասուլիսում պատասխանելով ուկրաինական պատերազմը ավարտելու համար խաղաղ բանակցությունների հնարավորության հարցին՝ Ռուսաստանի ԱԳ նախարարն ասաց, թե Կիևի ռեժիմի պահպանման պայմաններում, որը նրա խոսքերով՝ բնութագրվում է համաձայնությունների անունակությամբ, ինչ-որ բան անելը դժվար է պատկերացնել:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մինսկ չի մեկնել, Հայաստանը ԱՊՀ նիստին մասնակցում է փոխարտգործնախարարի մակարդակով։ Հանդիպմանը մասնակցում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Նիստի բացմանը Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկն իր ելույթում ասել է, որ ԱՊՀ անդամները պետք է դեն նետեն էմոցիաները և ուղիներ փնտրեն՝ համատեղ դիմակայելու ընդհանուր մարտահրավերներին, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի գործում։
«Մեր կազմակերպությունը կազմված է անկախ պետություններից, և ոչ ոք դա կասկածի տակ չի դնում։ Սակայն մեր կազմակերպությունը նաև համագործակցություն է, և մեզ միշտ հաջողվել է համատեղել այս երկու բաղադրիչները», - ասել է Ալեյնիկը։
ԱՊՀ երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը որոշվել է անցկացնել հոկտեմբերի 7-ին Մոսկվայում։
ԱՊՀ-ն ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերին, երբ փլուզվեց նախկին Խորհրդային միությունը։ Մերձբալթյան երկրները հենց սկզբից չմիացան այդ կառույցին։ ԱՊՀ-ում հիմա 9 անդամ կա։ Վրաստանն իր անդամակցությունը դադարեցրել է 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի պատճառով։ Ուկրաինան և Թուրքմենստանը այդ կառույցի անդամ չեն։
Ռուսաստանը նախկին միության տարածքում պատերազմներ է վարել, սահմաններ ձևափոխել, անկախ երկրներ ճանաչել, օրենքներ ընդունել՝ ուկրաինական ահռելի տարածքներ իրեն միացնելու մասին։
2008 թվականին ռուսական ուժերը ներխուժել են Վրաստան, կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, տարիներ անց իրեն բռնակցեց Ղրիմը, իսկ հետո ուկրաինական ևս 4 շրջաններ Ռուսաստանին միացնելու օրենք ընդունեց ու շարունակում է Ուկրաինայի դեմ ավելի քան երկու տարի առաջ սկսած պատերազմը։