Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի, սահմանազատումը Տավուշից սկսելը չի երաշխավորում, որ կխուսափենք պատերազմից


Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։

«Մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա, հակառակ պարագայում մենք անվտանգային արտաքին մարտահրավերները հասցեագրելու շանս չենք ունենա նույնիսկ, որովհետև կունենանք արտաքին սպառնալիքներ գեներացնող հարատև աղբյուր մեր իսկ ներսում մեր ամենօրյա իրականության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է։

«Երևանը դեմ չէ սահմանազատումը սկսել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից»

Խոսելով սահամանզատման աշխատանքներից՝ վարչապետն ասաց, որ Երևանը դեմ չէ սահմանազատումը սկսել Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից։

«Այս համատեքստում հաճախ են հնչում հետևյալ տրամաբանությունն ունեցող հարցեր՝ իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է արդյոք անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում և այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Փաշինյանը նաև ասաց, որ այդ գործընթացը չի երաշխավորում, որ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա նոր հարձակում չի լինի, բայց հակառակ գործելակերպը, ըստ վարչապետի, երաշխավորում է նոր հարձակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա և այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնել։

«Իսկ Տավուշի մարզի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է չեզոքացնել», - ասաց Փաշինյանը։

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Վարչապետն ավելի վաղ էլ հայտարարել է՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։ Ընդդիմանալու վերջը, ըստ Փաշինյանի, մոտալուտ պատերազմը կլինի, իսկ պաշտոնական Երևանի քաղաքականությունը, վարչապետի խոսքով, պատերազմ թույլ չտալն է, «և սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման»։

«Որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար»

Անդրադառնալով արցախյան խնդրին՝ գործադիրի ղեկավարը նկատեց՝ որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար։

«Այն բանակցակային հնարավորությունները, որ 2016 թվականից ի վեր առկա էին, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, այլ Հայաստանի Հանրապետության հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ ՀՀ առանց այն էլ կաշկանդված գործողությունները, որպես անկախ և ինքնիշխան պետություն, հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն», - ասաց Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ 2021-ի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, կային ուժեր, որոնք Երևանից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել որպեսզի, ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ը գա Հայաստանին օգնության՝ նշելով՝ նրանց տրամաբանությամբ, առանց ռազմական գործողություններ ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել։

«Բայց հետո պետք է պարզվել, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից է ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի Հայաստանին դուրս է դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից», - հայտարարեց վարչապետը՝ շեշտելով՝ եթե կառավարությունը դրան տուրք տար, իրադարձությունները կարող էին ընթանալ հետևյալ սցենարով՝ ռազմական գործողությունների ծավալում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձևավորում և Հայաստանի Հանրապետության պետական փաստացի լուծարում։

Փաշինյանը շեշտեց՝ հետագայում արդեն ԱԺ ընտրություններով վստահության մանդատ ստացավ իրական Հայաստանը։

«Իրական Հայաստանի դե յուրե հաստատումն էլ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին, երբ հասկանալի դարձավ, որ մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունը։ Հենց այդ շրջանում էլ Պրահայում կայացվեցին շատ կարևոր որոշումներ և Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չէր, այլ Հայաստանի Հանրապետությունը ծնկի բերելու։

«Բրյուսելյան հանդիպումն այն մասին չէր, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն գալու են լուծելու մեր խնդիրները»

Անդրադառնալով Բրյուսելում ապրիլի 5-ին իր, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպմանը՝ գործադիրի ղեկավարը հայտարարեց՝ այդ հանդիպումն այն մասին չէր, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն գալու են և լուծեն Հայաստանի խնդիրներն ու պրոբլեմները։

«Մեզանում արհեստական, բայց երբեմն էլ ոչ արհեստական սպասումներ են ձևավորվում, որ ինչ-որ բարեկամներ կամ դաշնակիցներ պետք է գան և լուծեն մեր խնդիրները։ Մեր բոլոր խնդիրները մենք պետք է լուծենք, սա ինքնիշխանության հոգեբանական բանաձևն է։ Հակառակը վասալի, ֆորպոստի տրամաբանություն է։ Անկախ պետություն ունենալու համար մենք պետք է դուրս գանք էս տրամաբանությունից», - հայտարարեց վարչապետը։

«Թուրքիայի հետ հարաբերություններում Երևանը սպասման մեջ է»

Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մենք սպասման մեջ ենք, ասաց Փաշինյանը՝ նշելով, որ սպասում են ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը, այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացումը։

«Սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի մեր տարածաշրջանի համար, և պետք է շարունակենք ջանքերն այս ուղղությամբ», - հայտարարեց վարչապետը։

«Հայ-ռուսական հարաբերությունները իրենց լավագույն ժամանակը չեն ապրում»

Փաշինյանն այսօր հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակը չեն ապրում, Երևանը, սական, իսկապես այդ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, իսկ հակառակ դեպքերը, վարչապետի խոսքով, բազմաթիվ են։

«Մենք չենք ուզում վիճել ՌԴ ի հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ գնահատում ենք այդ դրականը, որ եղել է մեր հարաբերություններում, - ասաց Փաշինյանը՝ հայտարարելով՝ իր գնահատմամբ, այժմ տեղի է ունենում պատմական Հայաստան - Ռուսաստան հարաբերություններից անցում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG