Նանեի ընտանիքը Արցախի Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում էր ապրում, հիմա Տավուշի Ոսկեվանում են: Արցախից դուրս են եկել եկել դափ -դատարկ, Սամվելը ոտքի վրավորում ունի, սպասում է՝ լավանա, անցնի գործի:
Կինը՝ Գայանեն ծնունդով Ոսկեվանից է, այստեղից է հարս գնացել Արցախ, հիմա վերադարձել են բոլորով։
Ոսկեվանի կլիման լավն է, գյուղը սիրուն է, միայն թե ադրբեջանցիներն են մոտիկ և եթե նախկինում ադրբեջանաբնակ Բաղանիս Այրումը, որ ոչ անկլավային 4 գյուղերից մեկն է, փոխանցվի Ադրբեջանին՝ ռիսկերը գուցե ավելի մեծանան։
«Ինձ չի մտահոգում, ոնց գյուղի ժողովուրդը, տենց էլ ես, կռիվ լինի կգնամ, ինչ լինի իրենց հետ, գյուղապետարան էլ եմ ասել», - ասաց նա:
Սամվելն ու կինը ուզում են նոր տուն կառուցել հենց Ոսկեվանում:
Գայանեի հայրը ոգևորում է դստերն ու փեսային, բայց հո չի թաքցնի՝ Բաղանիս Այրումն ադրբեջանցիների հսկողության տակ անցնի, Ոսկեվանի ոռոգման ջուրը, գազը, ճանապարհը վտանգված են։ Գյուղի ճանապարհին ռուսական բազա է. Սուրեն Հայրապետյանն ասում է՝ «չգիտենք ինչ են անում, ինչու են այստեղ, ինչ են անելու հետո»:
Տավուշի ադրբեջանաբնակ գյուղերը փոխանցելու մասին քննարկումները հենց սկսվեցին՝ մի գիշերում Ոսկեվանից հեռացավ Արցախից տեղահանված 6 ընտանիք, մնացին 7-ը։ Ոսկեպարում Արցախից երեք ընտանիք կար, երեքն էլ հեռացել են։ Կիրանցում ու Բաղանիսում արցախցիներ չկան։ Եվ կա միայն մեկ ընտանիք Բերքաբերում, որ ավելի լավ տեղ գտնելու հույսով հեռացել էին Բերքաբերից ու նորից վերադարձել իրենց խոսքով՝ ամենալավ տեղը՝ Բերքաբեր։
«Էստեղ մեզ համար ավելի ավ ա, քանի մնացած տեղերը, գիտես, որ ժողովուրդը հարազատի պես են, իմ խնդիրն իրանց խնդիրն ա», - նշեց Ալյոնա Ավանեսյանը:
Ալյոնան ամուսնու ու չորս երեխաների հետ Ասկերանի Խաչեն գյուղից են տեղահանվել, Բերքաբերում նրանց հետ նաև Ալյոնայի մայրն է:
Բերքաբերի ջրամբարի դիմաց ադրբեջանական դիրքն է, եթե ոչ անկլավային Ղզլհաջիլին փոխանցվի՝ ադրբեջանական դիրքերը կավելանան։ Ալյոնան ասում է՝ «ինչպես այս գյուղում ապրողները, այնպես էլ մենք, Բերքաբերը Խաչենին նման է՝ եղանակը դիրքը, գումարած՝ լողափ ունի»:
«Թուրքի տունը մեր տնից երևում ա, բայց դե հավանեցինք թե՛ գյուղը, թե ժողովուրդը, թե՛ տաքությունը, մնալու տեղ ա, էստեղից մեր Ղարաբաղի կարոտն ենք առնում», - ընդգծեց նա:
«Վախեր, իհարկե, ունենք», - ասում է Ալոնան, ինքն էլ, երեխաներն էլ չեն մոռանում սեպտեմբերի սև օրը, երբ փախան Խաչենից, մայրը 90- ականների պատերազմն է գումարում։ Որպեսզի պատերազմի տագնապով չապրեն, Բերքաբերի նոր տան մասին են երազում, զինծառայող ամուսինը տաքսիստ է դարձել, տատիկը տնամերձը փխրեցրել է:
Տավուշում այժմ 754 արցախցի ընտանիք է ապրում, սահմանազատումն այստեղից սկսելու քննարկումներին զուգահեռ՝ մարզից արդեն հեռացել է շուրջ 100 արցախցի։