Հայաստանի վարչապետը Ռուսաստանին մեղադրում է ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, հայտարարում՝ Երևանը Մոսկվայից ակնկալում է լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հրապարակված կարճ տեսանյութում չի պարզաբանել՝ կոնկրետ ի՞նչ հարցերի վերաբերյալ է իշխանությունը Մոսկվայից պատասխաններ սպասում։
«Ռուսաստանի Դաշնության հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել: Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել, որ՝ «դուք այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք և այդ պարտավորությունը չեք կատարել»։ Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս, լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերին բովանդակային պատասխան։ Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի՝ դա հարցը չի լուծելու», - նշել է վարչապետը։
Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր մեղադրել Երևանին հայ-ռուսական հարաբերությունները «գիտակցաբար փլուզման տանելու համար»։ Դժգոհել, թե հայաստանյան իշխանությունները փնովում են ռուս սահմանապահներին, 102-րդ ռազմաբազան ու ՀԱՊԿ-ը։ Լավրովն անգամ պնդել էր, թե ռազմական կառույցը ծանր իրավիճակներում բազմիցս պաշտպանել է Երևանի շահերը։ Թե ե՞րբ և ի՞նչ իրավիճակներում, բարձրաստիճան դիվանագետն այդպես էլ չէր հստակեցրել։ Բայց շեշտել էր՝ 2022-ի ադրբեջանական հարձակումից հետո խաղաղապահ առաքելություն ուղարկելու ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը։
«Հիմա այնտեղ գնում են նաև զինծառայողներ Նորվեգիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության», - նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
ՀԱՊԿ-ը չի հստակեցրել՝ որն է իր պատասխանատվության գոտին Հայաստանում, ոչ էլ քաղաքական գնահատական է տվել Ադրբեջանի ներխուժմանը։ Հենց այս հիմնավորմամբ են Հայաստանի իշխանությունները հրաժարվել ռազմական կառույցի առաքելությունից։
Երևանի ու Արևմուտքի մերձեցող հարաբերություններին Մոսկվայից վերջին շրջանում պարբերաբար կոշտ մեղադրանքներով են անդրադառնում։ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մեղադրել է սեփական որոշումների մեղքը Ռուսաստանի վրա բարդելու, կասկածի տակ դրել Արևմուտքի օգտակարությունը Հայաստանի համար։
«Հենց դա են ուզում արևմտյան կորատորները Հայաստանից. Սեփական ինքնիշխանության կորուստ, ոչ ավելին, իսկ նման փորձեր իրականացրել են բազմաթիվ այլ երկրների հետ», - ընդգծել է Զախարովան։
Իշխող ուժից են այսօր անդրադարձել Զախարովայի մեղադրանքներին։ ՔՊ-ից Արմեն Խաչատրյանը հայտարարել է՝ Հայաստանի հետ արտաքին դերակատարները հաշվի են նստում, Երևանը հիմա ավելի շատ սուբյեկտայնություն ունի, քան երբևէ։
«Հայաստանը այսպես ասած բազմաշերտ է սարքում իր անվտանգային համակարգն ու ամեն ինչ անելու է, որպեսզի անվտանգային համակարգը բավարարի այսօրվա պահանջներին: Դա հիմա ում է դուր գալիս, ում դուր չի գալիս, էական չէ, մենք գնալու ենք մեր ճանապարհով», - ասաց Խաչատրյանը:
Իշխանական պատգամավորն, իր հերթին, առիթը բաց չի թողել քննադատելու Մոսկվային ու ՀԱՊԿ-ին՝ ստանձնած պարտականությունները չկատարելու համար։ Արմեն Խաչատրյանն անգամ չի բացառել, որ երբևէ հնարավոր է Երևանը որոշի հեռացնել Գյումրիի 102-րդ ռազմաբազան։