Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել»


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Ռուսաստանի Դաշնության հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել», - կուսակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել, որ «դուք այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք և այդ պարտավորությունը չեք կատարել»։ Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս, լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերին բովանդակային պատասխան։ Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի՝ դա հարցը չի լուծելու», - ասել է վարչապետը, որը Ֆեյսբուքի իր էջում հանդիպումից կարճ տեսանյութ է հրապարակել։

Պաշտոնական Մոսկվան պնդում է, թե Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման կուրս է վարում, և Արևմուտքը Երևանի միջոցով ջանում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից:

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ Ռուսաստանը մինչ օրս չեն դատապարտել դաշնակից երկրի դեմ այդ հարձակումը և չեն արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

XS
SM
MD
LG