Քաղաքապետ Ավինյանը կրկին խոստանում է՝ 15 նոր տրոլեյբուսներն ու 171 նոր ավտոբուսները շուտով Երևանում կլինեն՝ արդեն պայմանագրերի կնքման փուլում են: Այս պահին ավելի քան 800 նոր շարժակազմ է շահագործվում: Սեպտեմբերից էլ միասնական տոմսային համակարգը կգործի:
«Ազատությանը» հանդիպած ուղևորներն ասում են՝ «աչքներս տեսնի», առայժմ պիկ ժամերին շարունակում են 30 րոպեի ճանապարհը մեկ ժամում հատել:
Գործակարգավարականի այսօրվա նիստում քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց՝ այսպիսի հարյուրավոր բողոքներ իրենք էլ են ստանում.
«Տրանսպորտի ոլորտին վերաբերող 123 ահազանգ է՝ վարորդների վատ վարքագծի և անկանոն գրաֆիկի դեմ»:
Չնայած քաղաքապետ Ավինյանը պնդում է, որ կենտրոնը բեռնաթափվել է կարմիր գծերի թանկացման արդյունքում, «Ազատությանը» հանդիպած ուղևորները դա չեն նկատում: Երևանի ծայրամասերից մեկում ապրող քաղաքացին, օրինակ, հայտնեց, որ իր ավտոմեքենայով չի իջնում կենտրոն, որովհետև նույն խցանումներն են, տեղաշարժվելու հնար չկա: Ավտոբուսից է օգտվում, բայց կրկին խցանումների մեջ է մնում, նաև կանգառում է երկար սպասում:
Գոհ ուղևորներ էլ կային, հատկապես երբ հին «Գազել»-ները նոր ավտոբուսների հետ էին համեմատում: Նրանցից մեկը հեռախոսը ձեռքին հավելվածին էր հետևում, թե իր կանգառ որ ավտոբուսն է մոտենում:
Հենց այս հավելվածն է հաճախ, ըստ «Ազատության» մյուս զրուցակիցների, պիկ ժամերին շեղվում իրականությունից, կարդում են՝ 15 րոպե, բայց սպասում՝ 30, 40 րոպե, հաճախ նաև՝ ավելի երկար:
Տիգրան Ավինյանն ասում է՝ ներկրվող 15 տրոլեյբուսը, 170 ավտոբուսն ու 250 էլեկտրոավտոբուսներն էլ կհասնեն Երևան, ու տրանսպորտային ցանցի թարմացումը կավարտվի: Կանգառներում երկար սպասող մարդկանց էլ քաղաքապետը հուսադրում է. - «Եվ ուզում եմ հատուկ շեշտել, որ այս ավտոբուսային գծերի հայտնվելը Երևան քաղաքում էականորեն մարդկանց տեղաշարժի ժամանակը կրճատելու է Երևանով»:
Մինչ պարբերաբար այս խոստումներն են հնչում, «Ազատության» զրուցակիցը հաշվում է՝ սեպտեմբերի 1-ից ընտանեկան բյուջեից ամսական 35 հազար դրամ կհատկացնեն, որ 4 հոգու համար ավտոբուսի տոմսային փաթեթ գնեն: Բայց անգամ այս դեպքում վստահ չէ, որ կանգառում նորից երկար չի սպասի, ու ամեն օր դեպի տուն տանող 25 րոպեի ճանապարհը կրկին մեկ ժամ չի ձգվի:
«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.