Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 ավտոբուսով, այսօր հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ գործընթացն այս պահին պայմանագրերի կնքման փուլում է:
Երևանի քաղաքապետարանից փոխանցում են, որ մտադիր են հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսներով, և նախագիծը կյանքի կոչելու համար միջազգային գործընկերների հետ բանակցություններ են ընթանում:
«Ունենք խնդիր նաև մասնավոր գծերի առումով՝ դրանք էլ ունեն փոխարինման կարիք, և այս 250 ավտբուսներով մենք, կարելի է ասել, ամբողջապես փակում ենք տրանսպորտային ցանցի պահանջարկը: Այս տարի կշարունակվի ավտոբուսային գծերի առանձնացումը, որն էապես կրճատելու է հասարակական տրանսպորտից օգտվող մարդկանց տեղաշարժի ժամանակը», - ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Քաղաքային իշխանությունն ավելի վաղ, հայտնելով մինչև սեպտեմբերի 1-ը 8.6 մետրանոց 170 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս երթուղի դուրս գալու մասին, ասել էր, որ եթե մինչ այդ դրանք տեղ չհասնեն, տրանսպորտի թանկացման որոշման իրագործումը կհետաձգվի:
. Տրանսպորտի նոր սակագնի երեք փաթեթ է առաջարկվում՝ 8,800 դրամ կարժենա 30 օրվանը, 23,600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։
. Իշխանականները հավաստիացնում են՝ եթե քաղաքացին մեկ ամսվա փաթեթը գնի ու օրվա ընթացքում չորս անգամ օգտվի տրանսպորտից, ապա ներկայիս 100 դրամից էլ քիչ կվճարի:
. Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է՝ օրական ու շաբաթական փաթեթների գներն են 100 դրամից բարձր լինելու, իսկ մշտական օգտվողների համար սա թանկացում չէ։
. Ընդդիմությունը մի քանի անգամ ցածր գներ է առաջարկում փաթեթների համար՝ առաջարկելով ուժի մեջ թողնել նաև այլընտրանքային 100 դրամը, մի առաջարկ էլ կա՝ սուբսիդավորել ավելացված ծախսը՝ անփոփոխ թողնելով այսօրվա գները:
. Տոմսային համակարգի ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր։