Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ին առնչվող հարցը, ըստ ՔՊ-ական պատգամավորի, վարչապետի արձանագրած նույն կետում է


ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, Երևան, 23-ը նոյեմբերի, 2022թ.
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, Երևան, 23-ը նոյեմբերի, 2022թ.

Ինչո՞ւ Հայաստանը չի միացել ՀԱՊԿ խորհրդարանականների հայտարարությանը, որով դատապարտում են Մոսկվայի ահաբեկչությունը։ Այս հարցը զարմացնում է իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին։

«Ինչո՞ւ կոնկրետ որևէ հարթակի միջոցով չի եղել՝ պիտի հասկանանք, հիմա մենք ցավակցության կամ ողբերգության մասին ե՞նք խոսում, թե՞ ինչ-որ հարթակի մասին ենք խոսում, որովհետև եթե դրանով է որոշվում վերաբերմունքն ու դատապարտումը, կարծում եմ՝ ուրիշ տարբեր բաների մասին է խոսակցությունը», - ասաց նա։

Պատգամավորի կարծիքով՝ բավարար ու պատշաճ ցավակցական նամակներ Երևանից Մոսկվա հասել են, այս հարթակով չէ, որ որոշվում է Հայաստանի դիրքորոշումը։ Եթե այս հարթակում նույնիսկ ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը միանալը նպատակահարմար չի համարում հայկական կողմը, ինչո՞ւ չեն լքում այս կառույցը. Թունյանը սա համարեց այլ թեմա և չցանկացավ խոսել. - «Դա արդեն ուրիշ հարց է»։

ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին վարչապետ Փաշինյանը հայտարարել է մեկ ամիս առաջ։ Դրանից հետո Ռուսաստանի արտգործնախարարը կոչ էր արել Հայաստանին կողմնորոշվել ՀԱՊԿ-ում կարգավիճակի հարցում։ Տեղաշարժ կա՞ կողմնորշվելու հարցում, իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց՝ հարցը նույն կետում է, ինչի մասին խոսել էր Փաշինյանը։

«ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության սահմանը մատնանշելու խնդիր ունի, կողմնորոշվելու խնդիր ունի։ Քանի դեռ դա չի արվել, քայլ ակնկալել Հայաստանից կողմնորոշվելու առումով տեղին չէ, հետևաբար իրավիճակը մնում է ճշգրիտ այն կետում, որն արձանագրել է ՀՀ վարչապետը», - շեշտեց պատգամավորը։

Հայաստանը 22-ի հարձակումից հետո ՀԱՊԿ-ից Ադրբեջանի գործողությունները դատապարտող քաղաքական գնահատական պահանջեց ու չստացավ, բայց ռազմական դաշինքը լքելու մասին պաշտոնապես դեռ չի խոսում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Կոմերսանտին» տված հարցազրույցում հաստատել է՝ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, բայց անդամակցությունը կասեցնելու համար չի դիմել կազմակերպությանը։

Երկու լարի վրա խաղալը շատ ռիսկային է. ընդդիմադիր պատգամավոր

Եթե շարունակում ես անդամակցել որևէ դաշինքի, պետք է աշխատես, ասում է խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Միջազգային հարաբերություններում նեղանալը, մեկուսանալը ընդունված մոտեցում չէ, նշում է նա։

«Երկու լարի վրա խաղալը շատ ռիսկային է։ Եթե կա խնդիր, պետք է աշխատել այդ խնդիրը լուծելու ուղղությամբ, այլապես դու ի՞նչ ես սպասում, եթե անհամատեղելի են մոտեցումները, ինչի՞ն ես սպասում, որ ՀԱՊԿ-ը ճանաչի մեր սահմանները։ Նիկո՛լ Փաշինյան, դու ես խորհրդարանում վերջին անգամ ասել՝ սկի 74թ. քարտեզներն էլ չկան, դու ես ապալեգիտիմացրել ՀՀ սահմանները, ումի՞ց ի՞նչ ես ուզում։ Հիմա ուրիշ կազմակեպություններից, երկրներից նեղանալն անլուրջ է», - նկատեց Արթուր Խաչատրյանը։

Եթե ՀԱՊԿ-ը շարունակի նույն գործելաոճը, Հայաստանի վարչապետը չի բացառել նաև դաշինքից դուրս գալու հեռանկարը։

XS
SM
MD
LG