Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ էլ չի ուղարկել, «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը՝ նաև նշելով, որ ՀԱՊԿ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունվող որոշումների մասին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միաժամանակ չի բացառել, որ կազմակերպությանը կարող են միանալ նոր երկրներ։ Թե որ երկրների մասին է խոսքը, Տասմագամբետովը չի մանրամասնել։
«ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության շատ բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
Իր վերջին ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հնչի պատասխանը հարցի, թե որն է Հայաստանում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին և համապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, կնշանակի՝ ռազմական դաշինքի հետ խնդիրները լուծված են: Հակառակ դեպքում, վարչապետը դարձյալ զգուշացրեց, Հայաստանը դուրս կգա դաշինքից։
Մոսկվան իր հերթին արձագանքեց՝ հետևություններ կանեն սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Ռուսասtանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց Երևանին՝ կողմնորոշվել ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ։
Ներկայումս ՀԱՊԿ-ի անդամները վեցն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։