Հայաստանը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը։
«ՀԱՊԿ-ի կողմից հայկական կողմին եղել է հայտարարությանը միանալու առաջարկ, մենք մերժել ենք, քանի որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին», - պարզաբանեց Նելլի Ղուլյանը։
Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանը ահաբեկչությունից հետո ցավակցական նամակներ է հղել Մոսկվա, միևնույն ժամանակ Տելեգրամում դատապարտել է վերջին տվյալներով 140 մարդու կյանք խլած հարձակումը։
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով, իսկ ահաբեկչությունը կատարելու համար մեղադրվող չորս անձինք կալանավորվել են, գործով կան նաև ձերբակալվածներ։