Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությունը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին և ընդգծել, որ պայմանագրի սկզբունքները հիմնարար կերպով համաձայնեցվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շրջանակում ընդունված հայտարարությամբ:
Քննարկվել են նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության, Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման շուրջ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին՝ Փաշինյանը կարևորել է տեղահանվածների կարիքների լուծման առումով նաև միջազգային հանրության հետևողական աջակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը և այլ ուղղություններով ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի: