Մատչելիության հղումներ

«Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի, զինանշանի վրայից Ագրիդաղը [Արարատ լեռը] պետք է վերացվի»․ Բինալի Յըլդըրըմ


Բինալի Յըլդըրըմ, արխիվ
Բինալի Յըլդըրըմ, արխիվ

«Այսօր համաշխարհային առևտուրը տուժում է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի և դրանից Կարմիր ծովում առաջացած խնդիրների հետևանքով: Այս առումով Միջին միջանցքը համաշխարհային նշանակություն ունի», - այսօր Բաքվում՝ «Վերականգնել ճեղքված աշխարհը» գումարված նշանաբանով 11-րդ գլոբալ համաժողովում, լրագրողների հետ զրույցում, ասել է Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմը։

Նա անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցք» եզրույթին:

«Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի։ Հայաստանը նման հնարավորություն ուներ Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը։ Պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ: Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Ագրիդաղը [Արարատ լեռը]։ Դա պետք է վերացվի»,- հայտարարել է Յըլդըրըմը:

Պաշտոնական Երևանն Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցք»-ը կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն, այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։

XS
SM
MD
LG