Մատչելիության հղումներ

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը․ թուրք նախարար


«Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռափոխադրումների ծավալը, TRT Haber-ին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա նաև նշել է, որ կա այլընտրանք՝ ընդգծելով «Զանգեզուրի միջանցքը» Իրանի տարածքով անցնելու հնարավորությունը։

Ուրալօղլուն հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը։

Դեռ այս տարեսկզբին Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը։

Նա նշել էր, որ «Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը, որը սկսվում է Բաքվից մինչև Հորադիզ, մոտենում է ավարտին։ Միջանցքի թուրքական հատվածի երկարությունը 224 կմ է։

«Ընդհանուր առմամբ, այս միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է նա։

Նախարարը հավելել է, որ Հորադիզից Օրդուբադ հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են՝ բացառությամբ Հայաստանի տարածքով անցնող հատվածի։

Բաքուն ցանկանում է «Զանգեզուրի միջանցքով» առանց մաքսակետերի տեղադրման ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Պաշտոնական Երևանն էլ Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։

XS
SM
MD
LG