Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ համաձայնություններում «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Վկայակոչելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝ Լավրովը շեշտել է՝ «համաձայնագրում, որով կանգնեցվել է պատերազմը, ասվում է, որ կապաշրջափակվեն բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը և որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև, իսկ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինները»։
Լավրովն ընդգծել է՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքում կապերի և երթուղիների ապաշրջափակման դեպքում երկրները լիակատար ձևով կպահպանեն իրենց ինքնիշխանությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին հայտարարել է՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է։ Երևանը նաև շարունակում է պնդել, որ ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ոչ էլ Ադրբեջանի հետ բանակցություններում «միջանցքային տրամաբանություն չկա», իսկ ապաշրջափակման դեպքում սահմանի վերահսկողություն իրականացնելու է միայն հայկական կողմը։
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ պատրաստ են Ադրբեջանին ճանապարհ տրամադրել այն նույն պայմաններով, ինչ պայմաններով, որ Իրանը անցում է տալիս Ադրբեջանին։
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, թե այս երկու ուղիները համեմատելու տրամաբանություն չի տեսնում։