Նրանց վճիռները կկայացվեն ադրբեջանական դատարաններում, այսօր հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը Բաքվի բանտերում պահվող արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների մասին։
Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, խորհրդարանը ղեկավարած Դավիթ Իշխանյանի, պետնախարար աշխատած Ռուբեն Վարդանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ու Արցախի պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետները Բաքուն երեկ երկարաձգեց ևս 4 ամսով։
«Այդ որոշումներն ի սկզբանե կայացված են եղել քաղաքական գործիչների կողմից՝ նախագահի աշխատակազմում, հասկանալի է, որ դատարանները վավերացնում և դակում են, և դա շարունակաբար կլինի, քանի դեռ նախապատրաստված չեն այդ բեմականացված դատական գործընթացներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Սպասելի է այն, ինչ հնչեցնում է Ադրբեջանի գլխավոր դատախազը, ասում է իրավապաշտպանը՝ հավելելով՝ դատ-թատրոնն անխուսափելի է, նրանք հենց դրա համար են ձերբակալվել. - «Շատ հստակ է, որ առանց դատական ակտեր կայացնելու ազատ արձակման հարց չեն քննարկելու, բայց որ շատ կանխատեսելի էր, նրանք ի սկզբանե ձերբակալվել են այդ քաղաքական թատրոնի մաս դառնալու նպատակով, ինչը ներքաղաքական զարգացումներում չափազանց կարևոր է իշխանությունը պահպանելու տեսանկյունից»։
Ադրբեջանը վերջին անգամ նախորդ տարեվերջին վերադարձրեց 32 հայ գերիների։ Այժմ Բաքվի բանտերում 23 հայեր են պահվում, 8-ը Արցախի նախկին ղեկավարներն են, 6-ը՝ քաղաքացիական անձինք , 9-ը՝ ռազմագերիներ։
Իրավապաշտպանը շեշտում է՝ գերիների վերադարձի հարցը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ է կապված, սակայն այս պահին, նրա տպավորությամբ, այն կարծես թե առաջնահերթություն չէ։ Կարծում է՝ մյուս գերիների պես սակարկության թեմա են դառնալու նաև արցախցի առաջնորդները, բայց ավելի մեծ զիջումներ պոկելու գնով։
«Բնականաբար, դառնալու են, պարզապես ավելի մեծ գլխագնով, իսկ գլխագինը հատուցվում է քաղաքական հարցերում զիջումների միջոցով։ Իհարկե, ես նաև այն տեսակետի կողմնակիցն եմ, որ անկախ գերիների հիմնախնդրից զիջումներ լինելու էին, պարզապես գերիների խնդիրը օգտագործվում է հավելյալ լծակ, հանրությանը այդ զիջումներին նախապատրաստելու նպատակով», - շեշտեց Սահակյանը։
«Անջատողականներ են, որ երկար տարիներ Ադրբեջանի ու ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ են կատարել», - Ադրբեջանի գլխավոր դատախազն այսօր այսպես է ընդհանրացրել արցախցի պաշտոնյաներին ներկայացված մեղադրանքները։
Ստրասբուրգի դատարանում Հայաստանի կառավարության ներկայացրած չորս գանգատներն են, դրանցից երկրորդը հենց գերիների նկատմամբ Բաքվում անցկացվող ապօրինի դատավարություններին է վերաբերում, վերջինը՝ արցախցիների շրջափակման, բռնի տեղահանման ու ընդհանրապես սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած դեպքերին։
Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Եվրոպական դատարանի որոշումներով գերիներ ազատ չեն արձակվում, բայց իրավական այդ ուղին հնարավորություն է տալիս ճնշում ապահովել Բաքվի իշխանությունների համար և լուրջ քաղաքական աջակցություն է Հայաստանի իշխանությանը։
«Բազմաթիվ միջագային կառույցներ արձագանքեցին ՄԱԿ-ի դատարանի որոշումները իրենց փաստաթղթերում մատնանշելով, և եթե ուշադրություն դարձնենք նույն Եվրոպայի խորհրդի շրջանակներում զարգացումներին, կտեսնենք, որ այստեղ էլ ուղղակիորեն հիշատակվում են դատական ակտերի չկատարումները», - նշեց նա։
Հայ գերիներն ընտանիքների հետ կապ են պահպանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։
«Վերջին տեսակցությունը տեղի է ունեցել դեկտեմբերին, հնարավորություն է ընձեռվել տեսակցությունների շրջանակներում յուրաքանչյուրին կապվել իրենց հարազատների հետ, ինչպես նաև ընտանիքների կողմից փոխանցվել են ծանրոցներ», - հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։
«Ազատությունն» ընտանիքներից տեղեկացավ, որ հունվարին ևս իրենց հարազատները զանգահարել են Բաքվից։ Զառա Ամատունու տեղեկացմամբ՝ նոր տեսակցություններն ու զանգերը չեն հաստատում, քանի դեռ չեն այցելել բոլոր գերիներին։
Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, «Ազատության» տեղեկությամբ, Կարմիր խաչի գրասենյակից անկախ ընտանիքներին զանգահարում են 10 օրը մեկ՝ ադրբեջանցի փաստաբանների միջնորդությամբ։