Մատչելիության հղումներ

«Բաքուն կարող է վստահ լինել՝ Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ ենք տրամադրում». Ֆրանսիայի դեսպան


Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցություն են կառուցում երկարաժամկետ կտրվածքի համար, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ շեշտելով՝ միջոցները, որ Ֆրանսիան տրադրում է Հայաստանին, ուղղված են բացառապես Հայաստանի պաշտպանությանը։

Ֆրանսիային մտահոգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, ասել է դեսպանը՝ շեշտելով՝ նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով:

«Եվ իրականում ՄԱԿ բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնեն այս հարցում, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրության ներքո` ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները ճանաչում են և պետք է աջակցեն անդամ մյուս երկրների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Դա ընդհանուր պարտավորություն է», - ասել է Դըկոտինյին։

Բաքուն բազմիցս մեղադրել է Ֆրանսիային Հայաստանին զինելու մեջ։ Բաքվում գործող պետական և իշխանությունների ուղղակի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն էլ պարբերաբար գրում են, թե «Հայաստանն ու Ֆրանսիան հարձակում են նախապատրաստում Ադրբեջանի դեմ»։

Անդրադառնալով Ադրբեջանի մտահոգություններին՝ դեսպանը շեշտել է՝ Բաքուն կարող է վստահ լինել՝ Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ են տրամադրում։

«Համագործակցության տեսակը, սարքավորումների տեսակները, որոնք մենք տրամադրում ենք Հայաստանին, ուղղված են երկրի պաշտպանությանը, դա զուտ պաշտպանական է: Լավ օրինակ բերեմ՝ երբ մենք խոսում ենք օդային պաշտպանության մասին, եթե դու մուտք չգործես Հայաստանի օդային տարածք, դու երբեք չես բախվի Հայաստանի օդային պաշտպանությանը, դա պաշտպանական կարողություն է», - ասել է դեսպանը՝ հստակեցնելով․ - «Դա Հայաստանի ինքնիշխանության, նրա տարածքն ու ժողովրդին պաշտպանելու մասին է: Եվ դա հենց սկզբից հստակ նշվել է՝ այն ամենը, ինչ մենք մատակարարում ենք՝ զենք, սարքավորումներ, վերապատրաստումներ, համապատասխանում են այդ նպատակին»։

Հոկտեմբերի վերջին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի։

XS
SM
MD
LG