Ինչո՞ւ է հրաժարական տվել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը, հարցին ինքը՝ Էդմոն Մարուքյանը, հպանցիկ է անդրադարձել։ 43-ամյա քաղաքական գործիչը միայն հաստատել է, թե կառավարության հետ ունեցած արտաքին քաղաքական տարաձայնություններն են պատճառը։
«Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում», - հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը երկու տարի զբաղեցրած Մարուքյանը։
Երեկվանից նրանից դեռ չի հաջողվում մեկնաբանություններ ստանալ, նրա թիմակիցները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները ևս հրաժարվում են կոնկրետ պատճառներից խոսել՝ վստահեցնելով՝ Մարուքյանն առաջիկայում կներկայացնի, թե արտաքին քաղաքական որ հիմնարար հարցերի շուրջ է անհամաձայն եղել իշխանության հետ։
Էդմոն Մարուքյանն իր պաշտոնավարման ընթացքում տարաձայնություններից հրապարակավ չի խոսել։ Տեսակետներն էլ մեծամասամբ Հանրային հեռուստաընկերությունում ու սոցիալական ցանցերում է ներկայացրել։ Բայց, հրաժարականից երկու շաբաթ առաջ Ֆեյսբուքում մի կարճ տեսանյութ էր տեղադրել բանակի ու լավ ճանապարհների մասին։
Էդմոն Մարուքյանն իր պաշտոնավարման ընթացքում տարաձայնություններից հրապարակավ չի խոսել։ Տեսակետներն էլ մեծամասամբ Հանրային հեռուստաընկերությունում ու սոցիալական ցանցերում է ներկայացրել։ Բայց հրաժարականից երկու շաբաթ առաջ Ֆեյսբուքում մի կարճ տեսանյութ էր տեղադրել՝ բանակի ու լավ ճանապարհների մասին, որտեղ այսպիսի կարճ հարցուպատասխան կա.
-Ո՞րն է առավել կարևոր՝ բանա՞կը, թե՞ լավ ճանապարհը դեպի Տվերի մարզի Կիմրիի քաղաք։
-Բանակը։
-Քանի որ ոչ մի քաղաք չի լինի, եթե այն չլինի։
Այս հրապարակումը հաջորդել էր կառավարության նիստին, որտեղ գործադիրի ղեկավարը տասը րոպեից ավելի նոր ճանապարհների կառուցման ցանկն էր թվել։ Նիստի նախօրեին էլ Ներքին Հանդում Ադրբեջանի կրակոցներից հայկական կողմը 4 զոհ, մեկ վիրավոր ունեցավ։
Ի դեպ, Մարուքյանը նաև հրապարակավ չի մեկնաբանել արտաքին քաղաքական վերջին զարգացումները՝ ո՛չ Եվրամիության հետ գործակցության խորացումը, ո՛չ էլ Մոսկվայի հետ վատթարացող հարաբերությունները։
Մարուքյանն իշխանություններին ուղիղ ու կոշտ քննադատում էր, երբ դեռ ընդդիմադիր դաշտում էր։
Թե կառավարության հետ ինչ տարաձայնությունների մասին է հրաժարականի տեքստում ակնարկում Մարուքյանը, գործադիրից էլ չի հաջողվում պարզել։
«Ամենալավ ձևակերպումը տվել է առաջին նախագահը՝ ազգակործան պատուհաս, դասական ձևակերպում է», - ասել էր նա։
Պատերազմից հետո վարչապետի հասցեին այս գնահատականը հնչեցրած Մարուքյանին չխանգարեց ուղիղ մեկ տարի անց Փաշինյանի կաբինետում պաշտոն ստանալ։
«Պարտությանը սիմվոլը, մարդ, որը այլևս այդ փաստաթուղթը ստորագրել է, չի կարող գնալ Ադրբեջանի նախագահի հետ փորձել այդ դրույթները մեզ համար մի քիչ դրական դարձնել, չի կարող», - նախկինում ասել էր նա։
2017-2018թթ. Փաշինյանի հետ «Ելք» դաշինքով ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալած Մարուքյանը պատերազմից հետո վարչապետի հրաժարականն էր անհրաժեշտ համարում. - «Որովհետև նա, ըստ էության, ամբողջ պատերազմի ընթացքում ԳՇ պետի հայտարարության համաձայն՝ 4-րդ օրվանից սկսած իմացել է, որ մենք պատերազմը պարտվում ենք, ամբողջ երկրին տրամադրել են հաղթանակի, վերջում եկել են, ասել, որ մենք կապիտուլյացիայի ակտ ենք ստորագրել»։
Նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը կապիտուլյացիա անվանած ընդդիմադիր Մարուքյանն ավելի ուշ հերքել էր իրեն։ Այդ ժամանակ արդեն հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում էր։
Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան»-ը 2021-ի արտահերթ ընտրություններում դուրս մնաց խորհրդարանից, մինչդեռ 2018-ի արտահերթի ժամանակ կուսակցությունը 18 մանդատ էր ստացել։ Արդյոք հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը կվերադառնա ընդդիմադիր դաշտ՝ առայժմ պարզ չէ։