Մատչելիության հղումներ

«Ոչ բարեկամական վարքագծի օրինակ». Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը


Մոսկվան Երևանից որևէ դիմում չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս բերման պահանջով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե «ճիշտ կլինի՝ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից»։

«Սա մենք դիտարկում ենք պաշտոնական Երևանի ներկայացուցչի ոչ բարեկամական վարքագծի ևս մեկ օրինակ, թեև այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխան տալիս իր բարձրացրած թեմաների համար»,- արձագանքել է Զախարովան։

Ռուսաստանցի պաշտոնյան մեկնաբանել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Ռուսաստանի կողմից Հայաստանում պետական հեղաշրջման կոչեր են եղել։ Զախարովան հայտարարել է՝ նույնիսկ նման ակնարկ չի եղել։

«Ռուսաստանյան պաշտոնական անձինք երբեք չեն էլ ակնարկել օրինականորեն ընտրված իշխանությունների տապալման կոչերի մասին»,- հակադարձել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը։

Զախարովան հերքել է նաև ՀԱՊԿ-ի հասցեին Երևանից հնչող մեղադրանքները և ափսոսանք հայտնել, որ «կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է»։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG