Մատչելիության հղումներ

«Հայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ»


Հայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ, այսօր Պրահայում Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այն պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ բաժանարար գծերից զերծ, կայուն ու բարեկեցիկ միասնական Եվրոպային: Կարևոր է, որ Արևելյան գործընկերությունը արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է»,- ասել է Հայաստանի նախագահը և հավելել, որ դեռևս գործընկեր պետությունների միջև դեռևս չկա լիարժեք փոխգործակցություն:

«Երբեմն մենք ոչ միայն չենք համագործակցում ընդհանուր նպատակներին հասնելու համար, այլև իրար նկատմամբ ցուցաբերում ենք թշնամանք և ատելություն: Ասվածի վառ ապացույցը Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթն էր: Իհարկե, նրա բացակայությունն այսօրվա նիստին ինձ հնարավորություն չի տալիս մանրամասնորեն անդրադառնալ նրա ասածներին: Նա, փոխանակ խոսեր առկա բազմաթիվ պրոբլեմների մասին, փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը: Փոխանակ կատարեր որևէ կառուցողական առաջարկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ՝ անդրադարձավ քսանմեկամյա վաղեմության ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերին, որոնց կատարումը ժամանակին վիժեցվել էր հենց Ադրբեջանի կողմից»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախագահը իր ելույթում նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի համար.- «Անհերքելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղն ունի եվրոպական արժեքների վրա հիմնված, ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող կառավարման համակարգ: Վաղուց հասունացել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստացի իրագործումը «դե յուրե» ամրագրելու անհրաժեշտությունը»:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանն ասել է. - «Մենք հանձնառու ենք ԵՄ մեր գործընկերների հետ քայլեր ձեռնարկել մեր հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմք ձևավորելու ուղղությամբ, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի համագործակցության մյուս ձևաչափերի հետ: Մեր համոզմամբ, գործընկեր երկրներից որևէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար՝ պայմանավորված այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին իր մասնակցության աստիճանով։ Մենք չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջև, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ»։

«Երբ հայտարարում էինք «և՛, և՛» մոտեցման մասին, նկատի ունեինք այլընտրանք ունենալու հնարավորություն և ոչ թե համագործակցության այս կամ այն գործիքի ընտրություն։ Վստահ եմ, որ եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները և ընտրությունը՝ մեր համագործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Հայաստանի նախագահը իր խոսքում նաև նշել է, որ Արևելյան գործընկերությունը դեռևս իր ձևավորման փուլում որոշակի խնդիր ուներ, մասնավորապես, հայտնի չէր, թե գործընկերներին ինչ սկզբունքով էին միավորել։

«Երկրները տարբեր էին իրենց մոտեցումներով, իրենց ձգտումներով, և կարծում եմ` սա է պատճառը, որ գոնե Արևելյան գործընկերության մի բաղադրիչը՝ տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, այդպես էլ չաշխատեց: Ինձ համար մինչև հիմա հասկանալի չէ, թե ի՞նչ սկզբունքներով մենք և Ադրբեջանը միավորվեցինք մի գործընկերության մեջ. տարբեր հնարավորություններ, տարբեր մոտեցումներ, տարբեր ձգտումներ, և սա է պատճառը, որ այդ բաղադրիչը չաշխատեց: Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում գործընկերությունը շարունակվելու է, վստահ եմ, որ լինելու են բարդություններ, ինչպես առկա են այսօր, բայց նաև վստահ եմ, որ բոլոր այդ բարդությունները լուծվելու են խաղաղ ճանապարհով»,- հույս է հայտնել Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG