Մատչելիության հղումներ

Պետական մարմինները գնումներում առաջնորդվում են միայն նվազագույն գնի առաջարկով. գործարար


Փաստաբանների պալատը խնդիրներ է նկատել քաղաքացիական դատավարության նորաստեղծ էլեկտրոնային համակարգում, որի միջոցով փաստաբանները այս ամսվա սկզբից պետք է գործերը մուտքագրեն դատարան։ Ըստ փաստաբանների՝ ծագած խնդիրները համակարգը ստեղծած ընկերությունը ցուցակագրում ու հերթով շտկում է։

Առայժմ խնդիրներով աշխատող քաղաքացիական դատավարության կայքի ստեղծման համար Արդարադատության նախարարությունը վճարել է 348 միլիոն դրամ կամ 870 հազար դոլար։ Էլեկտրոնային աճուրդի եղանակով կազմակերպված մրցույթին մասնակցել է 2 ընկերություն, հաղթել նախարարության ու Դատական դեպարտամենտի հետ 2 տասնյակից ավելի, ընդհանուր մոտ 2.6 միլիոն դոլարի պայմանգրեր ունեցող «Մեյսիս» ընկերությունը։ Վերջին մրցույթում «Մեյսիս»-ը հաղթել է մրցակցին՝ առաջարկելով ավելի մատչելի գին։

«Արտ լանչ» ընկերության համահիմնադիր Բակուր Մելքոնյանը վերջին 10 տարիներին պարբերաբար մասնակցել է պետական գնումների մրցույթների, չի հիշում որևէ դեպք, երբ իր կամ մրցակից որևէ ընկերություն հաղթած լինի առաջարկված ցածր գնից բացի որևէ այլ չափանիշով։

«Ցանկացած անձ թող իրեն նայի ու ասի, որ գնում է իր համար շոր առնելու կամ գնում է կարտոֆիլ առնելու, չի նայում պրոդուկտին, չի նայում ապրանքին, նայում է տակի գնին, ամենաէժանը վերցնում է, անպայման գին/որակ սկսում է, չէ՞, անել: Նույնիսկ ամենաչունևոր մարդն անպայման գին/որակ հարաբերակցություն է նայում, էլ ուր մնաց պետությունը, որը առնվազն պիտի անպայման առաջինը նայի որակին», - ասաց Մելքոնյանը:

Թեև Հայաստանում ոչ մեկ անձից, այլ մրցույթով կատարվող պետական գնումների ճնշող մեծամասնության դեպքում ընտրությունը կատարվում է ըստ մրցույթի մասնակիցների առաջարկած գնի, այնուամենայնիվ, գնումների մասին օրենքը հնարավորություն տալիս է առաջնորդվել ոչ միայն ցածր գնի չափանիշով։

Հոդված 34-ում գրված է. «Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որոշվում է` 1) նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, կամ 2) այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և ոչ գնային չափանիշներին տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է»:

Գործարարի կարծիքով՝ որոշում կայացնողները խուսափում են օրենքի երկրորդ դրույթը կիրառելուց՝ ավելորդ խնդիրներ չունենալու համար։

«Կարող է տվյալ հիմնարկությունը կամ պետական հիմնարկը կիրառել, բայց պարտադիր չի, իսկ երբ պարտադիր չի, մարդն ասում է՝ շառից-փորձանքից հեռու, որովհետև երբ որ ես դնեմ այլ կրիտերիա գնից բացի, ես պետք է վաղը-մյուս օրը լիքը բացատրություն տամ՝ ինչի եմ այդ կրիտերիան դրել, և ստացվում է, որ ինչ-որ ձևով ուղղորդել են», - ընդգծեց Բակուր Մելքոնյանը:

Այդպիսով պետական հիվանդանոցների դեղորայքից մինչև մանկապարտեզի շինարարություն ու թվային ոլորտի ծառայությունները, պետական մարմինները հիմնականում ընտրում են ամենաէժան տարբերակը։

«Շառից փորձանքից հեռու» հավանական տարբերակը չբացառելով՝ գնումների փորձագետ Վարուժան Հոկտանյանը հավելում է, որ շատ պատվիրատուներ պարզապես չեն կարողանում ճիշտ գրել մրցույթի ոչ գնային չափանիշները։

«Ոչ գնային չափանիշներ, այդ արտահայտությունը բավականին կարող է և սուբյեկտիվության բերել, երկրորդը՝ դրա համար պետք են նաև նույն այդ պատվիրատուի մոտ գնումների համակարգողները և մասնագետները բավականին ունակ լինեն, որպեսզի կարողանան մշակել այդպիսի չափանիշներ», - ասաց փորձագետը:

Այս գործընթացը Հոկտանյանը նկարագրում է «երկսայր սուր» արտահայտությամբ. և՛ գնով, և՛ այլ չափանիշներով առաջնորդվելիս ռիսկեր կան. - «Ցածր գին երբ որ առաջարկում է մասնակիցը, մատակարարը, հնարավոր է նաև անորակ ապրանք, ծառայություն կամ աշխատանք, բայց մյուս կողմից էլ մյուս խնդիրը կա, երբ այդ ոչ գնային չափանիշներն այնպես ձևակերպվեն, որն առաջ բերի որոշակի խտրականության»:

Ընդ որում՝ եթե պետական մարմինները չեն ցանկանում դուրս գալ, այսպես ասած, կոմֆորտի գոտուց ու ժամանակ առ ժամանակ մրցույթների հաղթողներին ընտրել ըստ ոչ գնային չափանիշների, ապա բազմաթիվ ընկերություններ էլ իրենց հերթին են խուսափում պետական գնումների մրցույթների մասնակցելուց՝ խնդիրներ չունենալու համար։

Այս թեմայով բազմաթիվ գրառումներ հայտնվեցին սոցցանցերում հատկապես «Սիներջի» ընկերությանն ու Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական գործից հետ, քննչականը մեղադրում է խոշոր ընկերության հիմնադրին, թե վերջինս աջակցել է էկոնոմիկայի նախարարին ու փոխնախարարին անցնել լիազորությունները գնման մրցույթի ընթացքում։

«Միտում ենք զգում, որ լուրջ կազմակերպությունները կամ այն կազմակերպությունները, որ մենք կուզենայինք, որ կառավարության հետ գործընկեր լինեին, շատ հաճախ խուսափում են գործ ունենալ, որովհետև մարդիկ ասում են՝ լավ, գանք ձեր գնումներին մասնակցենք, ՊՎԾ-ն գալու է, ԱԱԾ-ն գալու է, մամուլում գրելու են, մենք գործ չունենք», - կառավարության նիստին վարչապետի այս հայտարարությունը նախորդել է «Սիներջի»-ի գործի վերաբերյալ տեղեկության հրապարակմանը։

Ըստ Ֆինանսների նախարարի, հարցի լուծումը նոր օրենք գրելն է, թե ինչ պետք փոխեն ու ինչ բարելավեն, առայժմ որևէ մեկը ոչինչ չի ասել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG