Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն անհասկանալի և տարօրինակ է որակում Մոսկվայի հայտարարությունները, թե Երևանի աշխարհաքաղաքական տատանումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստի: Նման պնդում նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էր արել:
«Հայաստանն իր բազմաթիվ գործընկերների հետ է փորձում հարաբերությունները խորացնել, և մենք գնում ենք մեր թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու, բազմազանություն ապահովելու ճանապարհով, և հենց այս ճանապարհն է, որ կնպաստի Հայաստանի անվտանգության ապահովմանը, անկախության և ինքնիշխանության ապահովմանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգիս Խանդանյանը:
Ռուսաստանի նախագահի հնարավոր ձերբակալության մասին Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունից հետո, երբ վարչապետն ուղիղ պատասխան չտվեց՝ ասելով, որ դա իրավապահների որոշելիքն է, Մոսկվան զգուշացումներից բացի սկսեց նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հարցում կողմնորոշվելու կոչեր անել Երևանին։
«Հաճախ են պնդումներ հնչում, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը կարող են կորցնել Հայաստանը։ Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք ոչ թե Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հավանական կորուստների, այլ այն մասին, որ մի կողմից արևմտյան գործոններով հրապուրվելը, մյուս կողմից տատանումները՝ արդյո՞ք պետք է լքել ՀԱՊԿ-ը, թե՞՝ ոչ, կարող են հանգեցնել Հայաստանի ինքնության և ինքնուրույնության կորստին», - հայտարարել է Գալուզինը:
Երևանը ամենաբարձր մակարդակով քննադատում է ՀԱՊԿ-ին պայմանագրային պարտավորությունների ձախողման համար: Չնայած դիմումներին՝ կազմակերպությունը ոչ միայն ռազմական օգնություն չտրամադրեց Հայաստանին ադրբեջանական հարձակումների ժամանակ, այլ նաև քաղաքական գնահատական չտվեց Բաքվի գործողություններին: Ու թեև Երևանը չի լքում ռազմական դաշինքը, բայց բոյկոտում է ՀԱՊԿ-ի նիստերը:
Ռուսաստանի փոխարտգործնախարարը երեկ կոչ է արել վերադառնալ քննարկումների՝ պնդելով, թե ՀԱՊԿ-ի մեխանիզմին որևէ այլընտրանք չի նշմարվում:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ընդգծում է՝ ՀԱՊԿ-ն է, որ պետք է որոշի՝ ինչ հարաբերություններ է ուզում Հայաստանի հետ:
«Ես կարծում եմ՝ այդ ընտրությունը կանգնած է ոչ թե Հայաստանի առաջ, այլ՝ ՀԱՊԿ-ի առաջ, և Հայաստանը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների վերաբերյալ և մատնանշել այն բոլոր խնդիրները և անհանգստությունները, որ մենք ունենք Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումից հետո, երբ ուսումնասիրել և դիտարկել ենք ՀԱՊԿ-ի գործողությունները կամ գործողությունների բացակայությունը», - ընդգծեց Խանդանյանը:
Վարչապետ Փաշինյանը վերջին հարցազրուցում վերահաստատեց՝ շարժվում են Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մոսկվան հենց Երևանին է մեղադրում արևմտյան երկրներին տարածաշրջանային գործընթացներում ներգրավելու համար: Այսօր էլ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն է պնդել է, թե Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում:
«Հայ - ադրբեջանական գործընթացում հանգուցալուծումը մոտենում է»
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի գնահատմամբ՝ հայ - ադրբեջանական գործընթացում հանգուցալուծումը մոտենում է, և հենց այդ պատճառով էլ թե՛ Մոսկվայից, թե՛ Արևմուտքից քայլերն ակտիվանում են, հռետորաբանությունը՝ կոշտանում:
«Անկախ նրանից՝ կավարտվի նոր պատերազմով, թե խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, միևնույն է՝ դա լինելու է հանգուցալուծում, և ակնհայտ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող, այդ հանգուցալուծումը այս կամ այն կերպ պիտի լինի: Դրա համար էլ բոլոր այն աշխարհաքաղաքական ուժերը, բևեռները, որոնք այստեղ հետաքրքրություններ ունեն, հասկանալով, որ ժամանակը քիչ է մնացել, ավելի են ակտիվացնում իրենց քայլերը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:
Իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը շեշտում է՝ հարաբերությունների խորացման նպատակով շփումները Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ շարունակվելու են։
«Հայաստանն ինքնուրույն է որոշումներ կայացնում, և երբ որ ես ասում եմ, որ մենք ողջունում ենք բոլոր կողմերի ներգրավվածությունը, ովքեր պատրաստ են աջակցել Հայաստանին ավելի անվտանգ դառնալ և կաջակցեն Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը, Հայաստանը ակնկալում է նաև, որ որևէ երկիր չի պարտադրի Հայաստանին որևէ հարցում որևէ որոշում կայացնել», - նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Քաղաքական մեկնաբանը, մինչդեռ, կարծում է, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն ու հայ - ադրբեջանական սահմանային լարվածության մասին նրանց կանխատեսումները նշանակում են՝ ռուսական կողմը հստակ պահանջում է ռազմավարական ենթակառուցվածքների վերահսկում և հրաժարում արևմտյան կողմնորոշումից:
«Հակառակ դեպքում զգուշացնում է, սպառնում է, որ նոր ագրեսիա ինքը չի կարողանալու կանխել Հայաստանի դեմ, և Հայաստանը կարող է կորցնել իր ինքնիշխանությունը: Այսինքն, միևնույն է՝ պատերազմ կլինի, միևնույն է՝ ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք օգնության կանչել Ռուսաստանին, բայց՝ շատ ավելի ծանր պայմաններով, դրա համար էլ ավելի լավ է հիմա կողմնորոշվի Հայաստանը», - ընդգծեց Արմեն Բաղդասարյանը:
Իսկ ինչպե՞ս պետք է վարվի այս իրավիճակում իշխանությունը, Բաղդասարյանը դժվարացավ ասել՝ նշելով, թե դրա համար պետք է հստակ տեղեկություններ լինեն՝ ինչ է բանակցվում Արևմուտքի հետ և ինչ անվտանգային երաշխիքներ են առաջարկվում Հայաստանին: