Երեկ իշխանության ջանքերով ավագանու մանդատից զրկված Հայկ Մարությանը, որ պատրաստվում է 2026-ին վարչապետի թեկնածու առաջադրվել, իր նախկին թիմակիցներին, նրանց թվում՝ վարչապետին ու խորհրդարանի խոսնակին կոչ արեց միանալ իրեն տրանսպորտի թանկացման դեմ պայքարում։ Հայտարարեց՝ ինչպես տարիներ առաջ են սեփական մեքենաներով փողոց դուրս եկել, որ տրանսպորտի սակագինը 100-ից չդառնա 150 դրամ, նույնը հիմա են անելու:
Քաղաքապետարանի առաջարկած նախագծով՝ մի քանի փաթեթ կգործի: Շուրջ 5000 դրամանոցը ներառում է 30 անգամ երթևեկելու հնարավորություն, 11 հազարանոցը՝ 60: 25 հազարանոց փաթեթ էլ կլինի, բաց ուղևորը տրանսպորտից կօգտվի միայն 180 անգամ: Ամենամատչելին տարեկան փաթեթն է՝ 110 հազար դրամ, այս դեպքում մեկ ուղևորափոխադրումը 110 դրամ կկազմի։ Նվազագույն փաթեթը ժամով կհաշվարկվի՝ 70 րոպեից մինչև 24 ժամ, այս դեպքում էլ մեկ ուղևորությունը 260-880 դրամ կարժենա:
Երևանի նախկին քաղաքապետն ասում է՝ եվրոպական ոչ մի երկրում այսպիսի բարձր գներ չի տեսել, սա համարում է թալան ու պնդում՝ անգամ նոր ու բարձրակարգ ավտոբուսները հնարավոր է շահագործել առանց այս թանկացման։
«Դրա լուծումը միակն է՝ սուբսիդիա, որովհետև և՛ քաղաքային իշխանության, և՛ պետության սուրբ պարտականությունն է մարդկանց տանից տանել աշխատանքի, որպեսզի իրենք բարիք ստեղծեն, հարկեր վճարեն», - ասաց Մարությանը:
Թեև առաջարկվող ամենաէժան տարբերակով էլ թանկացումը նկատելի է, այդուհանդերձ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորում է շաբաթական, ամսական կամ տարեկան փաթեթը համեմատել այսօրվա ուղևորափոխադրումների հետ ու դրական տարբերությունը տեսնել։
Ասաց, սուբսիդիա առաջարկող Մարությանը, տնտեսությունից ոչինչ չի հասկանում. - «Կստացվի, որ Սյունիքում ապրող մարդը, բիզնեսը, ինքը պետք է սուբսիդավորի Երևանում տրանսպորտը: Գերմանական ավտոբուսներ ենք առել, նոր տռոլեյբուսներ ենք արել, մեծացրել ենք քանակը ավտոբուսների, էդ բոլորի սպասարկումը մոտավորապես հավելյալ, նախորդ տարի եթե չեմ սխալվում, 7 մլրդ դրամ Երևանի քաղաքապետարանի բյուջեի վրա նստել է»:
Իսկ նախկին ակտիվիստներից ովքե՞ր կմիանան Հայկ Մարությանին՝ դեռ պարզ չէ։ Տարիներ առաջ այդ թիմում էր նաև դերասանուհի Լալա Մնացականյանը, որը տեսանյութով է արձագանքել: «Այն մարդիկ որ այն ժամանակ մեր կողքին գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են», - դժգոհում է Մնացականյանն ու շարունակում՝ նոր տարնսպորտի ներսում պատկերը հնին է նման:
«Եթե տրանսպորտը թանկանա, նախկինի պես փողոց դուրս կգա՞ք»,- հարցրինք դերասան Սերգեյ Դանիելյանին: Ասաց՝ նախկին տհաճ ու վտանգավոր գազելները չկան, գծատերերը չկան, նոր, թանկարժեք ավտոբուսներ են բերվել, ինքն էլ փողոց դուրս գալու փոխարեն սոցցանցերով է ասելիքը տեղ հասցնում՝ լսողները շատ են:
Առաջարկվող փաթեթում, ի դեպ, սոցիալական խմբերն արտոնություններ կունենան, բայց անվճարի մասին խոսք չկա:
Տարիներ առաջ տրանսպորտի թանկացման դեմ պայքարողներից էր նաև Լուսինե Բադալյանը, նա հիմա Ազգային ժողովի պատգամավոր է՝ իշխող ուժից: Ասում է՝ 100 դրամով այս նոր տրանսպորտը սպասարկել ու շահագործել հնարավոր չէ: Բայց հաշվարկների ու երթևեկելու սահմանափակումների հետ կապված անհամաձայնություններ ունի, ասաց՝ 100 հազար դրամից ցածր եկամուտ ունեցողների մասին էլ պետք է խոսենք: Ընդգծեց՝ փողոց դուրս գալու փոխարեն պատգամավորական իր լծակները գործի կդնի, որ այս հարցերը վերանայվեն։
Նախագիծը քվեարկության կդրվի փետրվարի 13-ի ավագանու նիստին, եթե հաստատվի՝ սեպտեմբերից փոփոխություններն ուժի մեջ կմտնեն: Պաշտոնյաները պնդում են, քննարկումների փուլում են, փոփոխությունները չեն բացառում: