Մատչելիության հղումներ

Զելենսկին պաշտոնանկ արեց Զալուժնիին, նշանակեց Սիրսկիին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնի, Կիև, 8-ը փետրվարի, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնի, Կիև, 8-ը փետրվարի, 2024թ.

Ուկրաինայի նախագահը փոխել է զինված ուժերի գլխավոր հրամանատարին։ Վալերի Զալուժնիին փոխարինել է ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին:

«Ես երախտապարտ եմ գեներալ Զալուժնիին երկու տարվա պաշտպանության համար, շնորհակալ եմ յուրաքանչյուր հաղթանակի համար, որ մենք ձեռք ենք բերել միասին, և շնորհակալություն ենք հայտնում բոլոր ուկրաինացի զինվորներին: Մենք այսօր անկեղծորեն խոսեցինք այն մասին, որ բանակը փոփոխությունների կարիք ունի: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը գեներալ-գնդապետ Սիրսկին է», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Բացատրելով Զալուժնիին գլխավոր հրամանատարի պաշտոնից ազատելու պատճառները՝ Ուկրաինայի նախագահը նշել է «լճացման զգացումը» ճակատի հարավային ուղղություններում և դժվարությունները Դոնեցկի շրջանում մարտերում, այստեղ, հատկապես Ավդեևկայում ուկրաինական բանակը շատ բարդ իրավիճակում է հայտնվել, ռուսներն արդեն քաղաքի արվարձաններն են գրոհում։

Զելենսկին և իր վարչակազմն ընդգծում են, թե Զալուժնիի պաշտոնանկությունը քաղաքական հարց է: Նա հայտարարել է, թե խնդրել է նախկին գլխավոր հրամանատարին մնալ իր թիմում, այսօր էլ արդեն պաշտոնանկ գեներալին շնորհել է Ուկրաինայի հերոսի կոչում։

Զելենսկի - Զալուժնի հակամարտության մասին ուկրաինական աղբյուրները խոսում էին աշնանից, երբ ձախողվել էր ուկրաինական հակահարձակումը հարավում։

Հարցումները վկայում էին, որ Վալերի Զալուժնին Ուկրաինայում ամենապոպուլյար գործիչն է, մեծ է նրա հեղինակությունը նաև բանակի ղեկավարության շրջանում, փորձագետները գրում էին, թե Զալուժնիի պաշտոնանկությունը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ։

Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Գոնչարենկոն ասում է, թե Զալուժնին շատ ինքնուրույն էր և շատ սիրված ուկրաինացիների կողմից, ինչը դուր չէր գալիս նախագահին. - «Զելենսկու համար շատ կարևոր է, որ ինքն է ղեկավարը և որոշում կայացնողը, և այլ տարբերակներ չկան և չեն կարող լինել։ Զալուժնիի պաշտոնանկությունը հարված է ուկրաինական հասարակության բարոյականությանը. Զալուժնին շատ սիրված էր, նրան կապում էին այն հրաշքի հետ, որը Ուկրաինան կատարեց 2022 թվականի գարնանը։ Եվ շատերի համար դա կլինի դեպրեսիայի ևս մեկ պատճառ»:

Մի քանի ամիս առաջ նշանակված պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը շտապել է պաշտպանել Զելենսկու որոշումը՝ նշելով․ - «Պատերազմը փոխվում է և փոփոխություն է պահանջում։ 2022, 2023 և 2024 թվականների մարտերը երեք տարբեր իրողություններ են. 2024 թվականը բերելու է նոր փոփոխություններ, որոնց մենք պետք է պատրաստ լինենք: Մեզ պետք են նոր մոտեցումներ, նոր ռազմավարություններ»։

Ուկրաինայի նախկին նախագահ և Վլադիմիր Զելենսկու հակառակորդ Պետրո Պորոշենկոն X-ում իր ուղերձում սահմանափակվել է Զալուժնիին ծառայության համար շնորհակալություն հայտնելով։ Իսկ հրաժարականի գլխավոր հակառակորդը Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էր։

«Հուսով եմ՝ իշխանությունները կարդարացնեն նման փոփոխությունները: Երբ առաջնագծում շարունակվում են ծանր մարտերը, երբ անհրաժեշտ է շարունակել արդյունավետ համագործակցությունը օտարերկրյա գործընկերների հետ։ Երբ հասարակության միասնությունը պահանջում է իշխանություններ, որոնց նա վստահում է», - հայտարարել է Կլիչկոն:

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանն, արձագանքելով Զալուժնիի պաշտոնակությանը, շեշտել է, թե ում տեսնել ռազմական ղեկավարության բարձր պաշտոններում՝ ընտրված նախագահի իրավունքն է, և Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինայի կառավարությանն ու ուկրաինական բանակին։

Ուկրաինական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները Զալուժնիի հնարավոր հրաժարականի մասին սկսել են գրել հունվարի 29-ին։ Փետրվարի 4-ին Զելենսկին իտալական Rai News 24-ին տված հարցազրույցում հաստատել է, որ «մտածում է» Զալուժնիին փոխարինելու հնարավորության մասին։

Ուկրաինայի Զինված ուժերի նոր հրամանատարը, Ուկրաինայի նախագահի խոսքով, «իրականացրել է Կիևի պաշտպանական օպերացիան», ինչպես նաև «Խարկովի մարզի ազատագրումը»:

Ալեքսանդր Սիրսկին ծնվել է Ռուսաստանում՝ Վլադիմիրի շրջանի Նովինկի գյուղում։ Սովորել է նախ Մոսկվայի հրամանատարության բարձրագույն դպրոցում, ապա՝ Ուկրաինայի ազգային պաշտպանության ակադեմիայում։ Սիրսկին Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար է դարձել 2019 թվականի օգոստոսին։

Ինչպես գրել է The Washington Post-ը, 58-ամյա Սիրսկիին բանակում համարում են «սովետական ոճի հրամանատար», որը երկար ժամանակ Բախմուտում կրակի տակ է պահել իր զորքերը՝ չհամաձայնելով նահանջել։

Ինքը՝ Սիրսկին, այսօր խոսել է բանակում փոփոխությունների՝ առաջին հերթին բոլոր ռազմական հրամանատարության և վերահսկման մարմինների, կազմավորումների և ստորաբաժանումների գործողությունների հստակ և մանրամասն պլանավորման, նյութատեխնիկական ապահովման և զինվորականների ռոտացիայի մասին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG