Դիցուք՝ ընտանիքում 3 չափահաս անդամ կա, ու բոլորն ամեն օր օգտվում են տրանսպորտից։ Որքա՞ն կծախսի ընտանիքը մեկ տարում Երևանում Ա կետից Բ կետը գնալու համար։ Քաղաքապետարանի առաջարկած տարբերակով այս պարզ խնդրի լուծումը տարեկան 330 հազար դրամ է, բայց պետք կլինի միանգամից վճարել։
Ավելի քան 800 դոլար վճարելով, սակայն, ընտանիքի անդամները պետք է ուշադիր լինեն, որ լիմիտը չսպառեն՝ տարեկան փաթեթը 1000 ուղևորություն է ներառում մեկ անձի համար։
Մեկ հոգու տարեկան փաթեթի գինը՝ 110 հազար դրամը մեկ շնչի հաշվով երևանցիների միջին ամսական ծախսերի գրեթե կրկնակին է, ընդ որում՝ սա առաջարկվող տարբերակներից ամենամատչելին է։
Ամսականը մեկ անձի համար կարժենա 11 հազար դրամ, կներառի 60 ուղևորություն։ Եթե քաղաքացին շատ հաճախ է օգտվում տրանսպորտից ՝ օրական մի քանի անգամ, փաթեթը շուտ կսպառվի, ամիսը չավարտված պետք կլինի կրկին վճարել։ Նույն տրամաբանությամբ կգործի նաև եռամսյակայինը՝ կարժենա 25 հազար դրամ 180 ուղևորության համար։
Նոր սակագները կգործեն սեպտեմբերից, եթե Երևանի ավագանին փետրվարի 13-ին կայանալիք նիստում կողմ քվեարկի նախագծին։ Քաղաքային իշխանությունները թանկացման անհրաժեշտությունը պայմանավորում են ուղևորափոխադրումների բարձր ինքնարժեքով։ Շրջանառվող 7 էջանոց փաստաթղթում, սակայն, չկա որևէ հաշվարկ կամ բանաձև, թե ինչ մեթոդով են այս թվերը ստացել։
Մոսկվայում, Թբիլիսիում, Աստանայում, Պրահայում այս փաթեթներն ավելի էժան են ու անսահմանափակ։ Երևանի քաղաքապետարանի առաջարկած գները համընկնում են Բուխարեստին, Բելգրադին։ Եվրոպական այս երկրներն, այնինչ, ավելի զարգացած տնտեսություն ունեն։ «Ազատության» ուսումնասիրած բոլոր քաղաքներում անսահմանափակ փաթեթներ են գործում։
Պաշտոնական թվերով՝ երևանցիները մեկ ամսում միջինը շուրջ 70 հազար դրամ են ծախսում։ Իշխանականները հաճախ խոսում են աշխատավարձերի բարձրացման մասին, այնինչ Երևանում, դարձյալ պաշտոնական տվյալներով, աղքատության մակարդակը բարձրանում է, բնակիչների 19 տոկոսն աղքատ է։
Դեռ հայտնի չէ, թե ինչ սակագներ կգործեն թոշակառուների, նպաստառուների, ուսանողների ու երեխաների համար, քաղաքային իշխանությունը զեղչեր է խոստանում, բայց մանրամասներ դեռ չի հայտնում։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.