Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին քննարկում է ընդդիմադիր հինգ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը


Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստում քննարկում է ավագանու ընդդիմադիր հինգ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Քվորում կա․ նիստին մասնակցում են ավագանու 65 անդամներից 35-ը։ Քվորումն ապահովվեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանի և Վահե Եսայանի ներկայությամբ։

Նիստի ընթացքում դահլիճ մտավ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն, ում ևս ավագանին ցանկանում է զրկել մանդատից։

Քննարկվում է նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելու հարցը։

«Իմ և Վահե Եսայանի գալու նպատակը. մենք քիչ ենք, բայց՝ որոշիչ: Կա կարմիր գծերի հետ կապված ատոնություն՝ կիրակի օրերն անվճար դարձնել, կառուցապատման ոլորտում արտոնությունների փաթեթ, բնակարանների գներն են իջնելու: Մենք չենք բոյկոտում, երևանցիների հանդեպ դավաճանություն է բոյկոտը: Դեմ եմ՝ և՛ ներկաներին, և՛ նախկիններին», - հայտարարեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը:

Կուսակցության նախկին առաջնորդ, հետախուզվող Վարդան Ղուկասյանը երեկ կոչ էր արել առհասարակ բոյկոտել ավագանու նիստերը։

Լրագրողների դիտարկմանը, թե երեկ Ղուկասյանը հայտարարել էր, որ «Հանրային ձայն»-ից որևէ մեկը չի մասնակցելու ավագանու նիստին, Ավագյանը արձագանքեց․ - «Մեր կուսակցության նախագահը Արտակ Գալստյանն է»:

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Նարինե Հայրապետյանին մանդատից զրկելուն կողմ են քվեարկել:

«Նա ոչ կառուցողական վարք է դրսևորել, նա հայհոյել է: Նա ի դեպ արդեն զրկվեց մանդատից։ Հայկ Մարությանը բազմաթիվ շինթույլտվություններ է տվել, հուսով եմ կզբաղվի այն գործով, ինչը լավ է ստացվում։ Կողմ ենք նրան մանդատից զրկելուն», - ասաց Ավագյանը՝ նշելով, որ Գևորգ Ստեփանյանին և Զարուհի Փոստանջյանին մանդատից զրկելուն դեմ են քվեարկելու։

Հայկ Մարությանն էլ իր հերթին ամբիոնից հայտարարեց՝ իրեն ավագանուց հեռացնելու այս պրոցեսն արվում է կոնկրետ նպատակով՝ զրկել ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից։

«Նորից անամոթ որոշում է՝ 5 հոգու զրկում են: ՔՊ-ից ասում են՝ կարող են հեռացնել չմասնակցելու համար։ Անցած ավագանիից հղի կնոջ հանեցիք, որովհետև ինձ էր պաշտպանել: Ինչո՞ւ տարիներով նիստերի չեկող ձեր թիմակիցներին չհանեցիք այն ժամանակ: 3 ամիս գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Նիտին գալն ավագանու անդամի աշխատանքի հազիվ 10 տոկոսն է։ Հանրային քննարկումներ ենք անում նիստից դուրս, նախագծեր ենք մշակում, մադկանց հետ ենք հանդիպում: Ինձ ընտրողն է իմ գործատուն: Միայն նիստին չգալով ու քվորում չապահովելով է հնարավոր ՔՊ-ի տհաս ծագրերն առաջ չտանել», - հայտարարեց Մարությանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանn արձագանքեց․ - «Եթե Դուք չեք եկել նիստերին չմասակցելու, քվորում չապահովելու համար, հետևաբար Ձեզ համար բան չի փոխվի, կշարունակեք չգալ ու չմասնակցել»։

XS
SM
MD
LG