Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին քննարկում է ընդդիմադիր հինգ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը


Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստում քննարկում է ավագանու ընդդիմադիր հինգ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Քվորում կա․ նիստին մասնակցում են ավագանու 65 անդամներից 35-ը։

Ավագանին ցանկանում է մանդատից զրկել «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների հիմնավորմամբ, ավագանու ընդդիմադիր անդամները առանց հիմնավորման բացակայել են նիստերից։

Իշխանական խմբակցություններին ընդամենը մեկ ձայն է պակասում, որ մանդատից զրկեն ընդդիմադիրներին։ Այդ քվեն կարող է ապահովել «Հանրային ձայն»-ը: Այս կուսակցության նախկին առաջնորդ, հետախուզվող Վարդան Ղուկասյանը երեկ կոչ արեց առհասարակ բոյկոտել ավագանու նիստերը, առայժմ պարզ չէ՝ խմբակցության հինգ անդամները կհետևե՞ն վերջերս կուսակցությունից հեռացված Ղուկասյանի հորդորին, թե՞՝ ոչ։

Նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» խմբակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ավագանու հինգ անդամներին մանդատից զրկելն ակնհայտ քաղաքական հետապնդման փորձ է համարում։

Հայկ Մարությանն էլ հայտարարել է, թե իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և «իր կցորդների» որոշումը «բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել ընդդիմության ձայնը և զրկել նրան կոռումպացված ու ապաշնորհ քաղաքային իշխանության վնասաբեր որոշումների դեմ պայքարելու հնարավորությունից»:

XS
SM
MD
LG