Ռուսաստանի նախագահի երկու թեկնածուներ երեկ հայտարարել են իրենց թեկնածությունը հանելու մասին։
«Համաժողովրդական ռուսաստանյան միության» առաջնորդ Սերգեյ Բաբուրինը իր թեկնածությունը հանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր աջակցության համար հավաքված ստորագրությունները ներկայացնելուց անմիջապես հետո։ Այդ դեպքում ինչո՞ւ էր ստորագրություններ հավաքում, Բաբուրինը չի մանրամասնել, միայն կոչ է արել իր ընտրողներին «միավորվել Պուտինի թեկնածության շուրջ»։
Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Իրինա Սվիրիդովան էլ հայտարարել է, որ չի կարողացել հավաքել անհրաժեշտ 100 հազար ստորագրությունը և այդպիսով հեռանում է քարոզարշավից։ Նա ևս կոչ է արել աջակցել Պուտինին։
Այսպիսով Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 9 թեկնածու։ Նրանցից չորսը, այդ թվում՝ 5-րդ անգամ նախագահի պաշտոնը հավակնող Պուտինը, արդեն գրանցված են, ևս մեկը՝ Սերգեյ Մալինկովիչը, փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ։ Չորս թեկնածուներ, այդ թվում՝ Բորիս Նադեժդինը, ով հանդես է եկել պատերազմի դադարեցման օգտին, մինչև հունվարի 31-ի երեկոյան պետք է ստորագրություններ ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 15-ից 17-ը։