Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Լեոնիդ Սլուցկին ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է ներկայացրել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածությունը գրանցելու փաստաթղթերը:
Դեկտեմբերի 19-ին կուսակցության 35-րդ նախընտրական համագումարը նրան առաջադրել է նախագահության թեկնածու։
Ավելի վաղ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ առաջիկա ընտրություններում Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու համար դիմողների թիվն արդեն հասել է 29-ի։
Դեկտեմբերի 20-ին ԿԸՀ-ն գրանցել է ընտրողների խումբը, որը ստեղծվել է 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններում Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնառաջադրմանը սատարելու համար:
Դեկտեմբերի 23-ին տեղի են ունեցել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության և «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» միավորման համագումարները։
Կոմունիստները նախագահի թեկնածու են առաջադրել Պետական դումայի բոլոր գումարումների պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովին, իսկ «Արդար Ռուսաստանը» հայտարարել է գործող նախագահին սատարելու մասին:
Դեկտեմբերի 24-ին «Նոր մարդկանց» համագումարը միաձայն որոշել է նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրել Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովին։
ՌԴ Դաշնային խորհրդի որոշմամբ, նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 15-ից 17-ը: Այդպիսով, Ռուսաստանում առաջին անգամ կանցկացվեն եռօրյա նախագահական ընտրություններ:
Գործնականում 2000 թվականից իշխող նախագահ Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ է առաջադրվել և, ըստ վերլուծաբանների գերիշխող մեծամասնության կարծիքի՝ եթե տեղի չունենան չնախատեսված արտակարգ իրադարձություններ, ապա նա հեշտությամբ կհաղթի հենց առաջին փուլում: