Ադրբեջանցիները կշտամբում են «ապերախտ» եվրոպացիներին
«Աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ այս սրահում նստածները, չեն կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների ու շանտաժի լեզվով: Տեսնելով ԵԽԽՎ-ում այս ադրբեջանատյացությունը և իսլամատյացությունը և անտանելի ռասիզմը՝ մեր պատվիրակությունը դադարեցնում է իր ներգրավվածությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցում»,- այս բոցաշունչ ուղերձով է հունվարի 24-ին Ստրասբուրգում հանդես եկել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը։
Ցասումն ինչ-որ առումով անկեղծ էր: Կարծես, ուզում էր ասել. «Անշնորհակա՛լ եվրոպացիք, մենք ձեզ ադքան փող ենք տվել, իսկ դո՞ւք»:
Ածխաջրածինների եկամուտն Ադրբեջանին ընձեռում է ոչ միայն արդիական զենք, այլև քաղաքական աջակցություն գնելու հնարավորություն, այն, ինչ միջազգային ասպարեզում անվանել են «խավիարային դիվանագիտություն»:
Երկրի վերաբերյալ բարենպաստ կարծիք ապահովելու համար Բաքուն գայթակղում է թե՛ առանձին պետությունների և թե՛ համաեվրոպական օրենսդիր մարմնի պատգամավորներին:
Մեղադրանք «լվացքատան» սխեմայի աշխատակիցներին
Ահա նոր սկանդալ: Երեկ Գերմանիայում դատախազները կոռուպցիայի մեղադրանք են առաջադրել չորս անձի, այդ թվում՝ երկու նախկին պատգամավորի: Նրանք կասկածվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ, ինչի դիմաց Եվրոպայի խորհրդում պետք է քվեարկեին Բաքվի օգտին: Գործով անցնում են Աքսել Ֆիշերը և Էդուարդ Լինտները:
Երկուսն էլ ժամանակին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներ էին և ներգրավված էին մի սկանդալում, որը հայտնի է դարձել որպես «ադրբեջանական լվացքատուն»:
Դա լոբբիստական և փողերի լվացման կառույց էր և գործել է ամբողջ Եվրամիության տարածքում: Առաջինը դրա մասին 2017 թվականին հայտնել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը:
Բաքուն Ադրբեջանի շահերը դրսում առաջ մղելու և այդ նպատակով պաշտոնյաների հանդեպ, այսպես ասած, «վերաբերմունք ղցույց տալու» նպատակով առանձնացրել էր 2 միլիարդ 900 միլիոն դոլար: Ի՞նչ է ապահովել հսկայական գումարը՝ գերմանական մամուլը թվարկում է՝ փող, շքեղ նվեր, լյուքս հյուրանոց, առողջարան և արձակուրդ և ՎիԱյՓի ավիատոմս: Դրա դիմաց ծախված երեսփոխանները ԵԽԽՎ-ում Ադրբեջանը ներկայացրել են իբրև մի զարմանահրաշ դեմոկրատիա, թեպետ այնտեղ եղել են և կան բազում քաղբանտարկյալներ, կալանավորված լրագրողներ, և չկա ազատ մամուլ:
Բարոյակա՞ն մարդ էր արդյոք հանգուցյալը
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և Süddeutsche Zeitung պարբերականի համատեղ հետաքննությամբ բացահայտվել է Ֆիշերի և Լինտների հետ այդ հանցավոր գործելակերպի մեջ ներքաշված երրորդ անձը՝ ԵԽԽՎ պատգամավոր Կարին Ստրենցը:
Տիկինը հանկարծամահ է եղել 2021 թվականին, սակայն դատախազները պահանջում են առգրավել նրա ստացած կաշառքը:
Մյունխենի դատախազները մեղադրանք են առաջադրել նաև Լինտների որդուն, որը գործել է կուլիսների ետևում և դրամական փոխանցումներն է կատարել: Նրանից զատ, կասկածյալների թվում է Լինտների և Ստրենցի մի նախկին աշխատակց:
«Ի վերջո, այս գործընթացները շղթայական ռեակցիա կառաջացնեն: Այդ երեքն Ադրբեջանի շահերը սպասարկող գերմանական և եվրոպական կոռուպցիոն ցանցի սոսկ մի մասն են»,- Der Spiegel-ին ասել է Եվրոպայի խորհրդում Բունդեսթագի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն:
Հավաքագրողի անունը հայտնի է գերմանացի իրավապահներին
Մյունխենի դատախազության ուշադրության կենտրոնում է նաև ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախկին պատգամավոր Էլխան Սուլեյմանովը։ Նա ղեկավարել է Բաքվում գործող մի հասարակական կազմակերպություն, որը վճարումներ է կատարել և, այսպես ասած, հավաքագրել է Ֆիշերին:
Ենթադրվում է, որ Ֆիշերը 2015-ին ստացել է 4 հազար 500 եվրո, իսկ 2016 թվականին արդեն 21 հազար 800 եվրո կաշառք: Դրա դիմաց նա սատարել է Ադրբեջանին, մասնավորապես, 2016 թվականին Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողություններին վերաբերող քվեարկությունում: Այն ժամանակ նա Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկուցողն էր:
Հանգուցյալ Ստենցը ստացել է առնվազն 22 հազար եվրո Լինտների ստեղծած լոբբիստական ընկերության միջոցով: Նրա երկու ընկերությունները 2012-2014 թվականներին ստացել են ընդհանուր առմամբ 3 միլիոն 400 հազար: Ըստ դատախազների՝ դեռ պարզ չէ, թե Լինտներն այդ գումարի որ մասն է գրպանել:
Խուզարկություններ Բունդեսթագում
Կասկածյալների հետաքննության ընթացքում ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել ամբողջ Գերմանիայի տարածքում, մոտ 20 շենքերում, այդ թվում՝ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորների գրասենյակներում: Գերմանացիները քննչական գործողությունների կարգադրություններ և համագործակցության 15 դիմումներ են ուղարկել Կիպրոս, Լիխտենշտեյն, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Ադրբեջան, Շվեյցարիա և Թուրքիա:
Ադրբեջան-ԵԽԽՎ միջև սուր ճգնաժամ
Այս նոր մեղադրանքների մասին հայտնի են դառնում և ԵԽԽՎ-ի հարաբերությունները վատթարացման ժամանակաշրջանում: Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն 76 կողմ, 10-ը դեմ, 4 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ վճռել է չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները՝ հիմք առնելով երկրում մարդու իրավունքների ոտնահարումը և ժողովրդավարության անկումը:
Համոզվելով, որ դա անխուսափելի է, Ադրբեջանի պատվիրակությունն էլ քվեարկությունից ժամ առաջ դուրս է եկել ԵԽԽՎ-ից։ Բաքվում սպառնում են ընդհանրապես խզել կապերը Եվրոպայի խորհրդի հետ և նույնիսկ չճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը։